Իսրայելը ևս 30 պաղեստինցիների մարմիններ է վերադարձրել

Մարմինների փոխանցումն իրականացվել է երեք փուլով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իսրայելն այսօր Գազայի հատված է վերադարձրել ևս 30 պաղեստինցիների մարմիններ. նրանք զոհվել են հակամարտության ընթացքում ձերբակալվելուց հետո: Այս մասին հայտնել է պաղեստինյան կիսաէքսկլավի իշխանությունների մամուլի ծառայությունը։
«Ավարտվել է 120 պաղեստինցիների մարմինների հանձնումը. նրանք զոհվել են պաղեստինցի ժողովրդի բնաջնջմանն ուղղված պատերազմի ժամանակ Իսրայելի օկուպացիոն ուժերի կողմից ձերբակալվելուց հետո․․․ Փոխանցումն իրականացվել է երեք փուլով` 45 մարմին փոխանցվել է հոկտեմբերի 14-ին, 45-ը՝ հոկտեմբերի 15-ին, 30-ը՝ հոկտեմբերի 16-ին»,-ասված է հաղորդագրության մեջ:
Ըստ մամուլի ծառայության՝ պաղեստինյան կողմին են հանձնվել նաև խոշտանգումների, մոտ տարածությունից կրակոցների հետևանքով վնասվածքներով կամ տանկերի անիվների տակ մահվան մասին վկայող հետքերով մարմիններ:
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումն այս շաբաթ իսրայելական կողմին է փոխանցել մահացած 28 պատանդներից 9–ի մարմինները, որոնք խմբավորման մոտ էին գտնվում Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու պահին:
ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 13-ին Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակում ազատ է արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր. այդպիսով ազատ են արձակվել ողջ մնացած բոլոր պատանդները:
Հիշեցնենք` հոկտեմբերի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնեց, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման պաշտոնական ներկայացուցիչները հոկտեմբերի 9-ին հաստատեցին Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարը