ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնին տեղեկացրել է Գազայի հատված թուրքական զորք ուղարկելու հնարավորության մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով կառավարական Türkiye թերթին։
Ավելի վաղ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AK Parti) խորհրդարանական խմբակցության ղեկավար Աբդուլլահ Գյուլերը հայտարարել էր, որ Թուրքիայի ԱԳՆ–ն, ՊՆ–ն և հետախուզական ծառայությունները քննարկում են Գազա թուրքական զորք ուղարկելու մանրամասները։ Խորհրդակցությունների ավարտից հետո խորհրդարանը կարող է քննարկել նախագահ Էրդողանի առաջարկը, սակայն գործընթացը, ըստ նրա, դեռ վաղ փուլում է։
Էրդողանը հոկտեմբերի 15–ին «Արդարություն և զարգացում» կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում արտահայտվել է Գազայում նախատեսվող միջազգային առաքելություն ստեղծելու մասին։ Առկա տեղեկությունների համաձայն՝ Էրդողանն ասել է.
«Մակրոնը հարցրել է` զորք կուղարկե՞ք առաքելության համար։ Ես պատասխանել եմ` ինչո՞ւ ոչ։ Թուրքիան կարող է մասնակցել Գազայում ռազմական մեխանիզմի ձևավորմանը։ Այստեղ կարևորը, թե ինչ պայմաններով ենք այնտեղ ներկա լինելու», – գրում է պարբերականը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան ներկայացված կլինի աշխատանքային խմբում, որը տեղում կհետևի Գազայում հրադադարի պահպանմանը։ CNN Türk-ը իր հերթին, հղում անելով ռազմական գերատեսչությանը հայտնել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը պատրաստակամություն է հայտնել Գազայում ցանկացած առաջադրանք կատարել։
Հոկտեմբերի 13–ին Թրամփը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Աս-Սիսին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Կատարի էմիր Թամիմ բին Համադ ալ-Թանին Շարմ էլ-Շեյխի գագաթնաժողովում ստորագրել են Գազայի հատվածի շուրջ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համապարփակ փաստաթուղթ։ ԱՄՆ առաջնորդը նշել է, որ իր 20 կետանոց ծրագրի երրորդ և չորրորդ փուլերն արդեն ընթացքի մեջ են։