Եկեղեցու դեմ ատելության խոսքի պատասխանատուն վարչապետն է. Մայր Աթոռի հայտարարությունը

Եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդները կոչ են արել ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում` տուրք չտալով պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. Իշխող քաղաքական ուժը շարունակում է լծված մնալ Հայոց եկեղեցին կազմաքանդելու չարամիտ ծրագրի իրագործմանը` թիրախավորելով եկեղեցականներին և իշխանական լծակների չարաշահմամբ՝ բռնաճնշումներ և վարկաբեկիչ գործողություններ իրականացնելով հոգևոր սպասավորների և Եկեղեցու աջակիցների նկատմամբ։ Այս մասին ասված է Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդների ժողովից հետո տարածած հայտարարությունում՝ Արագածոտնի թեմում ՀՀ իրավապահ մարմինների գործողությունների մասին։
«Հակաեկեղեցական ապօրինի այս գործողություններով անթաքույց ոտնահարվել և արհամարհվել են նաև հավատավոր մեր ժողովրդի հոգևոր զգացումները` փակվել են եկեղեցիներ, չեղարկվել են նախապես ծրագրված ծիսական արարողություններ, առանց քահանաների կատարվել են հուղարկավորություններ։ Ցավալի այս իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրում է օրվա իշխանությունը և անձամբ երկրի վարչապետը, որ տևական ժամանակ ատելության խոսք ու անհանդուրժողականություն է տարածում Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ, բացահայտ ոտնձգություններ կատարում Եկեղեցու դարավոր կարգերի հանդեպ»,–ասված է հայտարարությունում։
Եպիսկոպոսների և հայաստանյան թեմակալ առաջնորդները կոչ են արել ՀՀ դատական և իրավապահ մարմիններին գործել բացառապես օրենքի շրջանակներում` տուրք չտալով պաշտոնեական լիազորությունները չարաշահող պետական գործիչների կամայականություններին և խմբային շահերին։
«Պետական լծակները պետք է ծառայեն բացառապես ազգային անվտանգության, հանրային համերաշխության և բարօրության կարևորագույն նպատակներին և ոչ թե դառնալով հաշվեհարդարի գործիք՝ առաջ բերեն ներազգային թշնամանք ու պառակտում»,– նշված է հայտարարությունում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան իրավապահները խուզարկություն էին իրականացրել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանը, ապա բերման ենթարկել նրան։ Սրբազանից բացի, բերման էին ենթարկվել նաև Արագածոտնի թեմի 12 քահանաներ և առաջնորդարանի աշխատակիցներ։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտնեց, որ 3-ը ձերբակալվել են, որոնցից մեկը թեմի առաջնորդն է։ Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՔՕ 2 հոդվածներով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով ընտրական իրավունքի իրականացումը խոչընդոտելը, իշխանական կամ ծառայողական լիազորություններն օգտագործելով հավաքներին մասնակցելուն հարկադրելը։
Քրեական վարույթը հարուցվել է Արագածոտնի թեմի քահանա Արամ Ասատրյանի` Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցրած արտահայտությունների հիման վրա (Ասատրյանն ասել էր, որ թեմի առաջնորդն իրեն և մյուս քահանաներին ստիպել է 2021 թվականին մասնակցել ընդդիմության բողոքի ակցիաներին): «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանն է դիմել ՀՀ գլխավոր դատախազություն՝ ուշադրություն հրավիրելով քահանայի հայտարարությունների վրա։
Հոկտեմբերի 16-ի վաղ առավոտյան Մկրտիչ սրբազանը կալանավորվեց 2 ամսով, իսկ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին Արսենյանը` 1 ամսով։ Երրորդ ձերբակալվածը առաջնորդարանի հաշվապահն է։