ԵՐԵՎԱՆ, 16 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը։ Այս մասին Spitnik Արմենիային հայտնեցին Գլխավոր դատախազությունից։
«Դատախազությունը ստացել է և օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել հաղորդմանը»,– նշեցին իրավապահ կառույցից։
Ռոմանոս Պետրոսյանի հաղորդումը էլենտրաէներգիայի քանակի ավելի քան 1 մլն կՎտ.ժ թերգրանցումների հետ է կապված։ ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀԷՑ-ի «Արաքս» մասնաճյուղի Արտաշատի էլեկտրական ցանցում հայտնաբերվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի թերգրանցում, որը ինքնավար արտադրողները (արևային կայաններ) մատակարարել են ցանցին։
«Թերգրանցումների փաստերն առնչվում են շուրջ 769 սպառողների` ֆիզիկական և իրավաբանական, որոնց ՀԷՑ-ն արդեն իսկ ս/թ. մայիսի 1-ի դրությամբ վճարել է բաշխիչ ցանց հետ մղած էլեկտրաէներգիայի դրական փոխհոսքերի մնացորդը` որպես հատուցում տարեկան նվազագույն մոտ 13,17 ՀՀ դրամ գնով։ Սակայն այս պարագայում, քանի որ գործնականում հնարավոր չէ պարզել, թե թերգրանցված քանակներն ինչ ժամանակամիջոցում են արտադրվել և հետ մղվել բաշխիչ ցանց (մինչև մայիսի 1-ը, թե՞ դրանից հետո), ուստի ձևավորված 817,181 կՎտ.ժամ կուտակումը հետագայում վերոնշյալ սպառողների կողմից մարելու դեպքում ՀԷՑ-ն անխուսափելիորեն կրելու է առանձնապես խոշոր չափերի վնասներ»,– գրել է Պետրոսյանը։
Եթե ավելի պարզ ասենք, ապա ՀԷՑ-ի մեկ մասնաճյուղում բացահայտվել է ավելի քան 817 հազար կՎտ/ժամ արևային կայանների մատակարարած էներգիայի թերգրանցում։ Իսկ ՀԷՑ–ը վնաս կկրկի, քանի որ, եթե այդ թերգրանցումը համարվի կուտակված կրեդիտ, ՀԷՑ-ը ստիպված կլինի այն փոխհատուցել ավելի բարձր՝ մանրածախ գնով , չնայած նախկինում հնարավոր էր փոխհատուցել ավելի ցածր գնով։ ՀԷՑ կառավարիչը դիմել է իրավապահներին։