ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմում վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ են կատարվում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից` անդրադառնալով հոգևորականների ձերբակալություններին և խուզարկություններին, որոնք կատարվում են այսօր առավոտից։
«Իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակում կատարվում են վարութային և ապացուցողական անհրաժեշտ գործողություններ»,– նշեցին կոմիտեից:
ՔԿ–ից վստահեցրին, որ հանդես կգան լրացուցիչ հայտարարությամբ:
Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են Արագածոտնի թեմի ևս 5 քահանա ու աշխարհիկ անձինք։