Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը հայտնի չէ. փաստաբան

Արա Զոհրաբյանի խոսքով` պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է բռնի անհետացման հոդվածին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի – Sputnik. Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գտնվելու վայրը բերման ենթարկելուց հետո հայտնի չէ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրառում է արել փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Մկրտիչ սրբազանի գտնվելու վայրը հայտնի չէ, քննչական կոմիտեն տեղեկություն չի հայտնում, իսկ քննչական խմբի ղեկավարն ասում է տեղյակ չեմ, թե ուր է»,– նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի տանն իրավապահները խուզարկություն են իրականացրել։ Սրբազանից բացի ձերբակալվել են Արագածոտնի թեմի ևս 5 քահանա ու աշխարհիկ անձիք։
Զոհրաբյանը նշել է, որ Մկրտիչ սրբազանի (ավազանի անունը` Հայկ Պռոշյան) գտնվելու վայրը չհայտնելն իրավունքի կոպիտ խախտում է։
«Պետական մարմնի այս վարքագիծն առերևույթ համապատասխանում է Քրեական օենսգրքի 451 հոդվածին (բռնի անհետացումը): Ըստ այդ նորմի՝ բռնի անհետացումը՝ պետության կողմից տրված լիազորությամբ, պետության աջակցությամբ, համաձայնությամբ կամ թողտվությամբ գործող պաշտոնատար անձի, այլ անձի կամ մի խումբ անձանց կողմից ազատությունից օրինական հիմքերով կամ ապօրինի զրկված անձի ազատությունից զրկելու փաստը ժխտելը կամ թաքցնելը կամ նրա կարգավիճակի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունը թաքցնելը, որի հետևանքով անհետացած անձը հայտնվում է օրենքի պաշտպանությունից դուրս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով»,– գրել է Արա Զոհրաբյանը։
Նշենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգի Բ–ի քրոջ որդին է։