ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik․ Իշխանությունն ամեն ինչ անելու է Սամվել Կարապետյանի ազատությունը ևս 2 ամսով սահմանափակելու համար։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Սամվել Կարապետյանի եղբորորդին` Նարեկ Կարապետյանը։
«Իրենք շատ են հայտարարում, որ ոչ մի մտահոգություն չունեն Սամվել Կարապետյանից և նրա սկսած շարժումից։ Եթե ոչ մի մտահոգություն չունեն, ինչո՞ւ են այսպես ակտիվ ուզում երկարացնել նրա կալանքը»,- ասաց Կարապետյանը։
Նրա խոսքով՝ այս ամենը զուտ ցույց է տալիս իշխանությունների վախերը։
Անդրադառնալով հարկեր թաքցնելու և փողերի լվացման մեղադրանքներին՝ Կարապետյանը նշեց՝ ընկերությունների մեծ մասը տարեկան աուդիտ է անցնում։ Դրանց մի մասն աուդիտ է անցնում աշխարհի լավագույն 4 աուդիտորական ընկերությունների կողմից, ուստի եթե խնդիր լիներ, վստահ է՝ իրենք այդ մասին կիմանային։
Նարեկ Կարապետյանը շեշտեց՝ շաբաթվա վերջին մեծ հանրահավաք և մեծ քայլերթ է լինելու, որ իշխանությունները տեսնեն՝ կալանավորումներով և ճնշումների գործելաոճով բարձրացած այս ալիքը չեն կարող քնեցնել։
Հնարավո՞ր է արդյոք «Մեր ձևով» շարժումը փողոցային պայքարին անցնի, Կարապետյանը նշեց՝ փողոցային պայքարի հերթը գալիս է այն ժամանակ, երբ վերջանում են սահմանադրական, օրենսդրական գործիքները։
«Երբ տեսնենք, որ գործիքները սպառված են, մի անգամ արդեն ասել եմ՝ երևանյան փողոցն իր խոսքն ասելու է»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հայտնի սպառնալիքին, թե «պետության համը բերաններդ կմնա», Նարեկ Կարապետյանը նշեց․ «Մեր պետության համը շատ քաղցր է, այո՛, համը մեր բերանը կմնա»։
Հիշեցնենք` հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝ ընդգծելով, որ մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Կարապետյանը 2 ամսով կալանավորվեց հունիսի 18-ին։ Օգոստոսի 15–ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը 2 ամսով երկարացրեց Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը։
Սամվել Կարապետյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 290–րդ (Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը), 296–րդ (Փողերի լվացում), 422–րդ (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը) հոդվածներով։
Հոկտեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և նոր մեղադրանք է առաջադրվել։ Մասնավորապես, ավելացվել է Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված մեղադրանքը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։