Գյումրիում հացի արտադրամասի աշխատանք է կասեցվել. սանիտարահիգիենիկ խախտումներ են եղել

Հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է` մինչև կվերացվեն հայտնաբերված խախտումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Գյումրիում կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։
ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Աղասի Անտիկյանին պատկանող հացի արտադրամասում։
«Ստուգման ընթացքում պարզվել է, որ հացի արտադրամասը աշխատել է սանիտարահիգիենիկ բնույթի խախտումներով»,– ասված է հաղորդագրության մեջ։
Տեսուչները, մասնավորապես, հայտնաբերել են.
շինությունների նախագծման, կառուցվածքի խախտումներ, արտադրամասը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպակաց հոսքերը
արտադրամասի պատերի և առաստաղների մակերևույթները գտնվել են ոչ նորոգ վիճակում
սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող մակերևույթները՝ սեղանները, ինչպես նաև դարակաշարերը գտնվել են ոչ նորոգ վիճակում, չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է` մինչև կվերացվեն հայտնաբերված խախտումները։
Գյումրիում հացի արտադրամասի աշխատանք է կասեցվել