ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) որոշել է հինգ տարի ժամկետով հակադեմպինգային մաքսատուրքեր սահմանել Չինաստանից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի համար։ Այս մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) մամուլի ծառայությունը։
«Ի կատարումն Եվրասիական միջկառավարական խորհրդի հանձնարարականների՝ ԵՏՀ-ի կոլեգիան որոշել է հինգ տարի ժամկետով հակադեմպինգային մաքսատուրքեր սահմանել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի և տիտանի երկօքսիդի համար։ Դրույքաչափերը սահմանվել են համապատասխանաբար 17.16-20.24%-ի և 14.27-16.25%-ի չափով», - ասվում է հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, մի շարք չինական ընկերություններ, որոնք համաձայնել են կատարել իրենց գնային պարտավորությունները, չեն ենթարկվի մաքսատուրքերի: Դրանց թվում են, մասնավորապես, ալյումինե փայլաթիթեղ արտադրող «Xiamen Xiashun Aluminum Foil Co., Ltd», տիտանի երկօքսիդ արտադրող «LB Group» և «Shandong Dawn Titanium Industry Co., Ltd» ընկերությունները:
Դրանից բացի, ըստ հայտարարության, սահմանվել են տարեկան ներմուծման ծավալները, որոնց շրջանակներում հակադեմպինգային մաքսատուրքեր չեն վճարվի:
Տվյալ ապրանքների ներմուծումը սահմանված ծավալների շրջանակներում առանց մաքսատուրքի կթույլատրվի դրանց նպատակային օգտագործման հաստատումից հետո: Որոշումները ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակման օրվանից 30 օր հետո:
Սեպտեմբերին ԵՏՀ-ն առաջարկել էր Չինաստանից ԵԱՏՄ երկրներ ներմուծվող ալյումինե փայլաթիթեղի համար հինգ տարի ժամկետով կիրառել 17-20%-ի չափով հակադեմպինգային մաքսատուրքեր։
Այս խնդրով հետաքննությունը սկսվել էր նախորդ տարվա մարտին՝ Ռուսաստանի ալյումինի ասոցիացիայի բողոքից հետո։ Վերլուծելով 2020-2023 թվականների տվյալները՝ ԵՏՀ-ն եզրակացրեց, որ այդ ժամանակահատվածում ԵԱՏՄ երկրներում աճել է փայլաթիթեղի սպառումը, ինչպես նաև այդ ապրանքատեսակի՝ Չինաստանից ներմուծումը։