Բանտային ինչպիսի՞ պայմաններում է պահվելու Ֆրանսիայի նախկին նախագահը

«Լա Սանտեն» Փարիզի տարածքում գտնվող միակ բանտն է, և Սարկոզիին կտեղավորեն այսպես կոչված VIP հատվածում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին Փարիզի «Լա Սանտե» բանտ կգնա հոկտեմբերի 21-ին. նա կլինի Ֆրանսիայի առաջին նախագահը, որը կհայտնվի ճաղերի հետևում:
Մեղադրող կողմը համարում է, որ Սարկոզին Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիից ապօրինաբար 50 մլն եվրո է ստացել 2007 թվականի իր նախընտրական արշավի համար: Դատավճիռը Ֆրանսիայում բուռն վեճերի թեմա է դարձել։ Մասնագետները տարակուսում են մեղադրանքի ձևակերպման կապակցությամբ՝ «հանցանք կատարելու նպատակով հանցավոր դավադրության մեջ ներգրավվածություն»։ Սարկոզին արդարացվել է մյուս կետերով` պետական միջոցների վատնում, պասիվ կոռուպցիա և ընտրարշավի ֆինանսավորման խախտումներ։
70-ամյա Սարկոզին արդեն բողոքարկել է դատարանի վճիռը, սակայն հայցը կքննվի միայն 2026 թվականի մարտին։ Այնպես որ նա Ծննդյան տոներն ու Նոր տարին կդիմավորի բանտում։ Քաղաքական գործիչը հայտարարել է, որ չնայած ֆրանսիական դատարանի անարդարությանը` պատրաստ է քնել բանտում՝ գլուխը բարձր պահած:
Ինչպես հաղորդում է RTL-ն, չնայած «Լա Սանտե» բանտը բառացիորեն լեփ-լեցուն է բանտարկյալներով, բայց Սարկոզիին կպահեն մենախցում, որն ապահովված է սառնարանով, սալօջախով, հեռուստացույցով և սանհանգույցով: Ի դեպ, նույն գործով «Լա Սանտեում» են բանտարկված 81-ամյա բանկիր Վահիբ Նասերը և 66-ամյա գործարար Ալեքսանդր Ջուհրին:
Բանտի շենքը, որը կառուցվել է 1867 թվականին, արտաքուստ ոչնչով չի տարբերվում Փարիզի 14-րդ շրջանի բնակելի թաղամասերից. միայն հատուկենտ շչակներն ու պատուհանների վանդակաճաղերն են վկայում, որ դա հատուկ տարածք է:
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից