ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ը փետրվարի 17–ին հրապարակած իր եզրակացությամբ, ըստ էության, արդարացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և համարում է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի և մյուս հայ գերիների կալանավորումն օրինական է եղել։ Այդ մասին ՄԱԿ–ի երևանյան գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժման համակարգող խորհրդի անդամ Արամ Սարգսյանը։
Նա նշեց, որ այսօր հավաքվել են, որպեսզի դիմում–նամակ հանձնեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։
«Անձանց կամայական կալանավորման հարցերով ՄԱԿ-ի աշխատանքային խմբի՝ (UNWGAD) Ռուբեն Վարդանյանի կալանավորման վերաբերյալ թիվ 46/2024 եզրակացությամբ արձանագրվել է, որ կալանավորումը եղել է ոչ կամայական, այսինքն` ՄԱԿ–ն, ըստ էության, արդարացրել է Ալիևի ռեժիմի իրականացրած քայլերը և այդպիսով համարում են, որ կալանավորումն օրինական է եղել»,– հայտարարեց նա։
Սարգսյանի տվյալներով` ՄԱԿ-ի այդ աշխատանքային խմբի նախագահ Հաննա Յուդկիվսկան ադրբեջանական «SOCAR» ընկերության հետ ունի սերտ կապեր, նրա ամուսինն ադրբեջանական արմատներ ունի և Ուկրաինայում հիմա հասարակական գործունեությամբ է զբաղվում։
«Այս պարագայում պարզ է դառնում, որ Ալիևը կարողացել է գնել այն, ինչ դեմ է ՄԱԿ–ի կանոնակարգին։Մենք հիմա մեր նամակով կոչ ենք անում Գուտերեշին` հավատարիմ լինեն իրենց կանոնակարգին, այդ խմբի նախագահին հեռացնեն, նոր ղեկավար նշանակեն, նոր հանձնախումբ ձևավորեն ու նոր քննություն իրականացնեն։ Մենք եկել ենք ասելու, որ դուք անարդարությամբ եք զբաղված և բարի եղեք համապատասխանել ձեր կանոնակարգին»,– ընդգծեց նա։
Սարգսյանի խոսքով` քանի որ այս հարցում ՀՀ իշխանությունը լուռ է, այդ իսկ պատճառով «Միասին» այլընտրանքային հասարակական–քաղաքական շարժմումը անիմաստ է համարել ու չի դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կամ ԱԳՆ–ին, այլ նպատակահարմար է գտել ուղղակի իրենց նամակն ուղարկել ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ արդարադատության նախարարություն։
Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին Ռուբեն Վարդանյանը տեղափոխվել է Արցախ, նոյեմբերի 4-ին նշանակվել Արցախի պետնախարար։ 2023 թվականի փետրվարի 23-ին նա ազատվել է պաշտոնից, սակայն մնացել է Արցախում մինչև 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան։
Սեպտեմբերի 27-ին նա ապօրինաբար ձերբակալվել է և մինչ օրս գտնվում է Բաքվի բանտում՝ Արցախի այլ քաղաքական ու զինվորական գործիչների հետ։ Ադրբեջանի իրավապահ մարմինները Վարդանյանին կեղծ մեղադրանքներ են ներկայացրել` ահաբեկչության ֆինանսավորում, զինված խմբավորումներ ստեղծել և սահմանն ապօրինի հատել։ Չնայած մյուս մեղադրյալների գործերի հետ նյութերը միավորելու նրա միջնորդությանը, դատարանը որոշել է 422 հատորից 400-ը քննել առանձին վարույթով: