Թրամփը հայտարարել է, որ մինչև Պուտինի հետ 1–ին հանդիպումը Ուիտկոֆը ոչինչ չգիտեր ՌԴ–ի մասին

Ուիտկոֆը, ըստ Թրամփի, նաև քաղաքականությունից չէր հասկանում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը մինչև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես կազմակերպեցի նրա հանդիպումը նախագահ Պուտինի հետ՝ մտածելով, որ դա կլինի 15-20 րոպեանոց հանդիպում։ Սթիվը ոչինչ չգիտեր Ռուսաստանի մասին, Պուտինի մասին։ Ոչինչ չգիտեր նաև քաղաքականության մասին: Նա դրանով չէր հետաքրքրվում։ Նա շատ լավ գիտեր անշարժ գույքի ոլորտը, բայց նաև ուներ այն որակը, որը ես փնտրում էի, և ես նրան այլ տեղում չէի տեսնում, ուստի հանդիպում կազմակերպեցի Պուտինի հետ», - ասել է Թրամփը՝ ելույթ ունենալով Իսրայելի խորհրդարանում։
Այսօր առավոտյան Թրամփը ժամանել է Իսրայել: Նրա այցը տեղի է ունենում Գազայի հատվածում հրադադարի և իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ ձեռք բերված համաձայնության ֆոնին:
Էրդողանը սպառնացել է բոյկոտել Եգիպտոսի գագաթնաժողովը Նեթանյահուի պատճառով
Այսօր ավելի վաղ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը, Իսրայելի հետ համաձայնագրի շրջանակներում, ազատ էր արձակել 20 պատանդների, որոնք Գազայում պահվում էին 2023 թվականի հոկտեմբերի 7-ից. այդպիսով, ողջ մնացած բոլոր պատանդներն ազատ են արձակվել: Պաղեստինյան կողմը հաստատել է, որ Իսրայելը, հետևելով պայմանավորվածությանը, ազատ է արձակել Գազայի հատվածից 1718 բանտարկյալների, որոնք վերադարձել են անկլավ։ Եվս 250 պաղեստինցի բանտարկյալներ, որոնք դատապարտված էին ցմահ բանտարկության կամ երկարատև ազատազրկման, ուղարկվել են Հորդանան գետի Արևմտյան ափ, Երուսաղեմ և արտերկիր:
Իրանը պատրաստ է դիվանագիտության. Թրամփ