Մինչև վերջին ուղևորը սպասարկվել է․ նախօրեին Երևանի մետրոն մոտ 1 ժամ ավելի է աշխատել

Տոնական համերգից հետո շարժակազմերի ընթացքի միջև ժամանակային միջակայքը մոտ 2,5 անգամ կրճատվել է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի – Sputnik․ Նախօրեին Երևանի մետրոպոլիտենը մոտ 1 ժամ ավելի է աշխատել՝ Հանրապետության հրապարակում Թաթա Սիմոնյանի համերգից հետո մեծ թվով ուղևորներին սպասարկելու համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին ասաց Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Աննա Ասլանյանը։
«Մետրոն աշխատել է մինչև մոտավորապես գիշերը 1։30, մինչև վերջին ուղևորը սպասարկվել է»,- ասաց նա։
Երեկ երեկոյան Հանրապետության հրապարակում Երևանի 2807-ամյակի առիթով համերգով հանդես եկավ Թաթան։ Համերգից հետո համացանցում տեսանյութեր տարածվեցին՝ մետրոյի դռների մոտ մեծ թվով մարդիկ էին կուտակվել։
Աննա Ասլանյանի խոսքով՝ մեծ ուղևորահոսքին պատրաստ էին, ինչպես միշտ է լինում տոնական միջոցառումներից հետո։
«Նման դեպքերում ուղևորների անվտանգությունից ելնելով և ուղևորահոսքը կառավարելու համար դռները փակվում են, պարբերաբար բացվում՝ նոր ուղևորահոսք ներս թողնելու համար։ Բարեբախտաբար, երեկ որևէ ուղևոր վնասվածք չի ստացել, միջադեպ չի գրանցվել»,- նշեց Ասլանյանը։
Ոչ աշխատանքային օրերին երեկոյան ժամերին մետրոն աշխատում է միջինը 15 րոպե պարբերականությամբ, իսկ երեկո երեկոյան 6-6,5 րոպե է եղել հաճախականությունը։ Բացի այդ, շարժակազմեր են ավելացվել։
«Երեկ 18 շարժակազմ ավելի է աշխատել»,- նշեց Աննա Ասլանյանը։
Նախօրեի տվյալներով՝ ամբողջ օրվա ընթացքում մետրոպոլիտենից օգտվել է մոտ 62,400 ուղևոր։