ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը դիվանագիտական քայլերի պատրաստակամություն է ցուցաբերում և կարող է կառուցողական գործընկեր դառնալ Մերձավոր Արևելքում:
«Այո, նրանք դրսևորել են», - ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Իրանը դիվանագիտության պատրաստակամության նշաններ է ցույց տվել:
Ամերիկացի առաջնորդը Իրանը բնութագրել է որպես տարածաշրջանի «գլխավոր չարագործ», սակայն նշել է, որ հեռանկարում երկիրը կարող է շատ պետությունների համար վերածվել «չափազանց արդյունավետ գործընկերոջ»:
«Կարծում եմ, որ Մերձավոր Արևելքի գլխավոր չարագործը, ի վերջո, կարող է շատ արդյունավետ գործընկեր լինել բազմաթիվ երկրների համար», - հայտարարել է այցով Մերձավոր Արևելքում գտնվող Թրամփը։
ԱՄՆ նախագահի խոսքով՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև պահպանվում են շփումները, որոնցից երևում է` վերջին բանը, որ ցանկանում է Իրանը՝ իր միջուկային ծրագրի վերականգնումն է»:
ԱՄՆ-ի և Իրանի միջև հարաբերությունները շարունակում են լարված մնալ 2018 թվականին Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալուց և Թեհրանի դեմ պատժամիջոցների վերականգնումից հետո: Վերջին ամիսներին կողմերը բազմիցս փոխանակվել են դիվանագիտական երկխոսության վերսկսման հնարավորության մասին հայտարարություններով, սակայն համաձայնագրի ձևաչափ վերադառնալու ուղղությամբ կոնկրետ քայլեր առայժմ չեն ձեռնարկվել: