ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի - Sputnik. Յուրաքանչյուր պրոֆեսիանալ, որն ունի մեծ փորձ և մաքուր ձեռքեր, կարող է միանալ «Մեր ձևով» շարժմանը։ Այս մասին առաջին հաշվետու ժողովից հետո կայացած ասուլիսում հայտարարեց շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչու են «նախկինների» հետ ասոցացվող որոշ քաղաքական դեմքեր իրենց թիմում, այն դեպքում, երբ իրենք ասել էին, որ ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ չեն համագործակցի։
«Մենք հայտարարել ենք ձեր թվարկած ուժերի հետ նախընտրական որևէ միավորման չգնալու մասին, բայց չենք ասել, որ այդ ուժերի որևէ ներկայացուցչի հետ չենք գնա։ Ձեր նշած իրավիճակը այս պահին չկա, բայց մենք պատրաստ ենք շատ ուժերի հետ աշխատել և պրոֆեսիոնալներին ներգրավել մեր թիմ»,–ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով վարչապետի իրենց թեկնածուին` Կարապետյանը նշեց, որ այդ անունը կներկայացնեն քաղաքական ուժի ստեղծման ժամանակ։
«Վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի և նրան կհավանեն»,–ասաց նա։
Կարապետյանը հավելեց, որ քաղաքական ուժի ստեղծման հետ կապված նորություն կունենան հաջորդ տարվա սկզբին։
Հիշեցնենք` գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, օգոստոսի 29–ին հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել Կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։