ԵՐԵՎԱՆ, 11 հոկտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի երրորդ խաղում Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 0։2 հաշվով զիջեց Հունգարիայի հավաքականին։
Խաղի առաջին րոպեներից դաշտի տերերը սպասելի կերպով փորձեցին ճնշել մեր թիմին իրենց ակտիվությամբ։ Վտանգավոր պահեր Հենրի Ավագյանի պաշտպանած դարպասին եղան, սակայն մեր դարպասապահը վստահ էր գործում։
Հայաստանի ազգային հավաքականի երկրպագուները
© Sputnik
Խաղի մեկնարկից 15 րոպե անց մեր ֆուտբոլիստները ավելի համարձակ դարձան, ու Լուկաս Սելարայանը իր հարվածով վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասապահի համար, սակայն գոլ չգրանցվեց։
Առաջին կեսում գոլային իրական պահ ունեցան հունգարացիները, սակայն կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը չօգտագործեց այն, իսկ մնացած իրավիճակներում մեր հավաքականը պաշտպանվեց շատ լավ, ու թիմերն ընդմիջման գնացին անառիկ դարպասներով։
Դրվագ Հայաստան–Հունգարիա հանդիպումից
© Sputnik
Երկրորդ խաղակեսում մեր հավաքականը շարունակում էր հստակ գործել հիմնականում պաշտպանությունում, բայց խաղի 56-րդ րոպեին Բենդեգուզ Բոլայի փոխանցումն անցավ մեր պաշտպանության կենտրոնով, ու Դանիել Լուկաշը, մեն–մենակ մնալով դարպասապահ Հենրի Ավագյանի դիմաց, առաջ մղեց հունգարացիներին հաշվի մեջ։
Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանն անմիջապես արձագանքեց բաց թողած գնդակին` կատարելով կրկնակի փոփոխություն։ Մերոնք հիմնականում լավ էին պաշտպանվում, բայց այս դեպքում չպարտվելու համար նվազագույնը հարկավոր էր գոլ խփել, իսկ մեր թիմը հարձակման գծում արդյունք չուներ։
Ճիշտ է, մեր հավաքականը փորձեր կատարեց պատասխան գնդակը խփելու համար, իսկ Մելիքյանը նոր փոփոխությունների միջոցով փորձեց մեծացնել մեր թիմի հարձակման ներուժը, սակայն հունգարացիներն ամեն ինչ անում էին հաշիվը պահպանելու համար։
Դրվագ Հայաստան–Հունգարիա հանդիպումից
© Sputnik
Հայաստանի հավաքականը նորից հաշիվը հավասարեցնելու պահ ունեցավ, բայց Էդուարդ Սպերցյանին չհաջողվեց ինչպես հարկն է հարվածել գնդակին։ Մեր տղաները սկսեցին արդեն շտապել, բայց արդյունքի հասնել չհաջողվեց։ Դրա փոխարեն նրանք սխալվեցին խաղի վերջին վայրկյաններին, ու խաղն ավարտվեց 0։2 հաշվով։
Հաջորդ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է հոկտեմբերի 14-ին Դուբլինում` Իռլանդիայի հավաքականի հետ։ Եվս մեկ փորձություն Եղիշե Մելիքյանի թիմի համար։