ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասի մեկնարկից առաջ ռեպլիկներ է փոխանակել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Տեսանյութը հրապարակել է «Пул первого» տելեգրամյան ալիքը։
«Իլհամ Հեյդարովիչ, իսկ դուք ասում էիք՝ չի գա, անհանգստանում էիք երեկ։ Ախր ես ասացի` Նիկոլ Վովաևիչն առանց մեզ ի՞նչ պիտի անի», - դիմել է Լուկաշենկոն կողք կողք նստած Ալիևին և Փաշինյանին։
«Ո՞նց չեմ գա, ո՞ւր չեմ գա»,– արձագանքել է ՀՀ վարչապետը։
Լուկաշենկո–Փաշինյան հարաբերությունները վերջին տարիներին նկատելիորեն սրվել են։ Ավելի վաղ Փաշինյանը Բելառուսի նախագահին մեղադրել էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ Ադրբեջանին աջակցելու մեջ և հայտարարել, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ որևէ այլ հայ պաշտոնյա չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահը Լուկաշենկոն է: Բելառուսում անցկացվող ԵԱՏՄ միջոցառումներին (2025 թվականին ԵԱՏՄ–ն նախագահում է Մինսկը) Հայաստանը մասնակցել է տեսակապով։
Հիշեցնենք` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։
Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն գործնական փոխգործակցությանն առնչվող հարցեր և կորոշվեն կազմակերպության առաջնահերթ ուղղությունները առաջիկա տարիների համար: Բացի այդ, երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ: Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել մի շարք առանցքային փաստաթղթեր, այդ թվում` 2026-2030թթ. ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:
Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հաստատել «ԱՊՀ+» ձևաչափի հիմնումը և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ–ին առընթեր դիտորդի կարգավիճակ տալը: