«Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար․ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության բացումը կնպաստի ԱՊՀ–ի շրջանակում տնտեսական կապերի ամրապնդմանը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի – Sputnik. «Թրամփի ուղին» նոր հնարավորություններ է բացում ԱՊՀ-ի համար։ Դուշանբեում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ տարիներ շարունակ տևած հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել, որի համար հիմնարար փաստաթուղթ է հանդիսացել Ալմա Աթայի հռչակագիրը։ Անդրադառնալով օգոստոսի 8–ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերին` ՀՀ վարչապետն ընդգծեց, որ իր և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից ընդունվել է հռչակագիր, որում ամրագրված է` Հայաստանն ու Ադրբեջանը ընդունում են դեպի պայծառ ապագա գնալու հեռանկարը, որը կապ չի ունենա անցյալի հակամարտության հետ։
ՀՀ վարչապետի խոսքով` նույն հռչակագրում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նշել են, որ տարածաշրջանում կայունությանը և բարգավաճմանը նպաստելու համար երկու երկրների միջև կբացվեն տրանսպորտային հաղորդակցությունները` ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ հիմնված պետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգանքի վրա։
«Այդ ջանքերը պետք է ներառեն Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել տրանսպորտային հաղորդակցությունը Հայաստանի տարածքով՝ ՀՀ համար միջազգային և ներպետական փոխադրումների համար փոխադարձ առավելություններով»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա հավելեց` արձանագրվել է նաև, որ Հայաստանը աշխատելու է ԱՄՆ–ի և 3–րդ կողմերի հետ՝ ՀՀ տարածքում «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» տրանսպորտային նախագծի շրջանակները մշակելու ուղղությամբ:
«Այս նախագիծը Հայաստանին հնարավորություն է ընձեռում երկաթուղային և այլ տրանսպորտային հաղորդակցություններ ունենալ ԱՊՀ անդամ պետություն Ադրբեջանի և ԱՊՀ այլ պետական մասնակիցների հետ: Սա էական փոփոխություն է, որը, անկասկած, կնպաստի ԱՊՀ շրջանակում տնտեսական կապերի ամրապնդմանը և կազմակերպության արդյունավետության բարձրացմանը»,– ընդգծեց Փաշինյանը։
Նրա խոսքով` «Թրամփի ուղին» նաև նոր հնարավորություններ է բացում դեպի ԱՊՀ երկրներ արտահանման և ներմուծման համար:
ՀՀ վարչապետը նաև ասաց, որ վաշինգտոնյան գագաթնաժողովից առաջ` դեռևս այս տարվա մարտ ամսին, Հայաստանն ու Ադրբեջանը կարողացան համաձայնեցնել խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որում հղում կա նաև 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրին։ Նա հիշեցրեց, որ այս հռչակագրի հիման վրա 2024 թ. սահմանազատվել է երկու երկրների միջև պետական սահմանի մոտ 12 կիլոմետրանոց հատվածը։
Փաշինյանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն և կվավերացնեն նաև այս համաձայնագիրը։
«Հաստատված խաղաղությունը չի նշանակում, որ Հայաստանի և Ադրբեջանի օրակարգային հարցերը սպառված են. մենք դեռ պետք է փոխադարձ առևտուր, տնտեսական, քաղաքական, մշակութային կապեր հաստատենք, հումանիտար հարցեր լուծենք։ Դա հեշտ գործ չէ՝ հաշվի առնելով տարիների թշնամանքը։ Հաստատված խաղաղությունը մեզ վստահություն է տալիս, որ հարցերը աստիճանաբար կլուծվեն»,– հայտարարեց նա։
Հիշեցնենք` Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների նեղ կազմով հանդիպումը։
Նիստին մասնակցում են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարները: ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում կքննարկվեն գործնական փոխգործակցությանն առնչվող հարցեր և կորոշվեն կազմակերպության առաջնահերթ ուղղությունները առաջիկա տարիների համար: Բացի այդ, երկրների ղեկավարները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային արդիական թեմաներ: Գագաթնաժողովի արդյունքում նախատեսվում է ընդունել մի շարք առանցքային փաստաթղթեր, այդ թվում` 2026-2030թթ. ԱՊՀ արտաքին սահմանների անվտանգության ամրապնդման, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու ծրագրերը, ինչպես նաև մինչև 2030թ. ռազմական համագործակցության հայեցակարգը:
Գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում է հաստատել «ԱՊՀ+» ձևաչափի հիմնումը և Շանհայի համագործակցության կազմակերպությանը ԱՊՀ–ին առընթեր դիտորդի կարգավիճակ տալը: