Խաղաղության Նոբելյան կոմիտեի որոշումները հսկայական վնաս են հասցրել մրցանակի հեղինակությանը։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստան կատարած պետական այցն ամփոփող ասուլիսի ժամանակ։
«Եղել են դեպքեր, երբ կոմիտեն Խաղաղության Նոբելյան մրցանակ է շնորհել նրանց, ովքեր խաղաղության համար ոչինչ չեն արել։ Կարծում եմ` այդ որոշումներով հսկայական վնաս են հասցրել այդ մրցանակի հեղինակությանը», - ասել է Ռուսաստանի նախագահը։
Պուտինը պատասխանել է նաև Խաղաղության Նոբելյան մրցանակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չշնորհելու հարցին:
«Աստված իրենց հետ, ես չեմ որոշում, թե ում շնորհեմ Նոբելյան մրցանակը», - ասել Է Պուտինը։
Նա հավելել է` Թրամփն իսկապես շատ բան է անում բարդ, երկարատև ճգնաժամերը լուծելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս ասել է, որ ինքն արժանի է Խաղաղության մրցանակի, քանի որ իր նախագահության մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում կարողացել է «7 պատերազմ» դադարեցնել։ Խաղաղության Նոբելյան մրցանակի համար Թրամփին առաջադրելու առաջարկով հանդես էին եկել մի քանի երկրների իշխանություններ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը, Կամբոջան, Գաբոնը, Ռուանդան, Հայաստանն ու Ադրբեջանը:
Այսօր Օսլոյում Նոբելյան կոմիտեն հայտարարեց, որ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին: