Միջնորդներից և ԱՄՆ-ից երաշխիքներ ենք ստացել, որ Գազայում պատերազմը կավարտվի. ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայան համապատասխան հայտարարությունն արել է արաբական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի - Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներից և ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել, որ Գազայի հատվածում պատերազմը կավարտվի։ Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է շարժման առաջնորդ Խալիլ ալ-Հայան։
«Մենք երաշխիքներ ենք ստացել ԱՄՆ-ից և միջնորդ եղբայրներից, որ պատերազմն ավարտվել է», - ասել է ալ-Հայան արաբական հեռուստատեսությամբ հեռարձակված ելույթում։
Հիշեցնենք` հոկտեմբերի 8–ի լույս 9-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցցանցում հայտնել է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ–ը համաձայնեցրել են խաղաղության ծրագրի առաջին փուլը։ Նա նշել է, որ շուտով պատանդները կվերադառնան տուն, իսկ Իսրայելն իր զորքերը դուրս կբերի մինչև համաձայնեցված գիծ։ Թրամփը սա անվանել է «մեծ օր արաբական և մահմեդական աշխարհի, Իսրայելի, բոլոր հարևան երկրների և ԱՄՆ-ի համար»:
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը պայմանավորվել են. Գազայի բնակիչները տոնում են հրադադարը
Գործարքի շուրջ բանակցություններն անցկացվել են եգիպտական Շարմ Էլ Շեյխում Կատարի, Եգիպտոսի և Թուրքիայի միջնորդությամբ՝ ազգային անվտանգության խորհրդականների և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ ներկայացուցիչների մասնակցությամբ: Ծրագիրը նախատեսում է ընդլայնել հումանիտար կազմակերպությունների մուտքը Գազայի հատված ՝ միջազգային կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ-ի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի վերահսկողության ներքո:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս պայմանավորվածությունն անվանել է «Իսրայելի ազգային և բարոյական հաղթանակը»։
ՀԱՄԱՍ-ը հաստատել է պայմանավորվածությունները և շնորհակալություն հայտնել Եգիպտոսին, Կատարին և Թուրքիային միջնորդության համար: Շարժումը երախտագիտություն է հայտնել Թրամփին իր ջանքերի համար և միջազգային հանրությանը հորդորել է ապահովել Իսրայելի կողմից պայմանագրի պայմանների կատարումը: ՀԱՄԱՍ-ն ընդգծել է, որ չի հրաժարվի Պաղեստինի ժողովրդի ազգային իրավունքներից, այդ թվում` անկախության իրավունքից, և հայտարարել է, որ պատանդներին ազատ արձակելու գործընթացը կիրականացվի միջազգային հսկողության ներքո:
Գազայի շուրջ բանակցությունների ժամանակ քննարկվել են Իսրայելի զորքի հետքաշման քարտեզները