ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի - Sputnik. Երևանի օրվան ընդառաջ Հայաստանում մեկնարկում է «Բացահայտիր Հայաստանը երկնքից» օդապարիկների փառատոնը: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտնեց «Սքայբոլ» օդապարիկների օպերատոր ընկերության տնօրեն Նաիրի Բարսեղյանը։
Առաջին թռիչքները կկայանան հոկտեմբերի 10-ին՝ Երևանի Էրեբունի ամրոց-թանգարանի դիմացի հարթակից: Օդապարիկները երկինք կբարձրանան երկու անգամ՝ 07:00-ին և 16:30-ին: Առավոտյան թռիչքը կլինի կոմերցիոն, իսկ օրվա երկրորդ կեսին երկինք կբարձրանան լրագրողներն ու բլոգերները:
Փառատոնը նվիրված է Երևանի օրվան, որն ավանդաբար նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը: Բարսեղյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 11-ին և 12-ին թռիչքներ կիրականացվեն Գառնիում, հոկտեմբերի 13-ին՝ Ապարանի ջրամբարի մոտ, իսկ հոկտեմբերի 14-15-ին վերջին թռիչքները կլինեն Երևանի Հանրապետության հրապարակում (հոկտեմբերի 15-ին՝ միայն առավոտյան): Նա նշեց, որ թռիչքների երթուղիները չեն կրկնվում, քանի որ կախված են քամու ուղղությունից:
Այս տարի փառատոնին կմասնակցեն օդագնացներ 9 երկրներից՝ Բրազիլիայից մինչև Ճապոնիա:
«Նրանցից ոմանք արդեն եղել են Հայաստանում և նշում են, որ մեր փառատոնի կազմակերպման մակարդակը չի զիջում հայտնի օդային շոուներին, օրինակ՝ թուրքական Կապադովկիայում»,-նշեց Բարսեղյանը:
Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի խոսքով՝ Էրեբունի ամրոցի մոտ օդապարիկներ բաց թողնելու արարողությանը հրավիրված են մայրաքաղաքի բոլոր բնակիչներն ու հյուրերը:
Տոնական միջոցառումները կշարունակվեն շաբաթ օրը՝ հոկտեմբերի 11-ին: Էրեբունի ամրոցի մոտ տեղի կունենա էլեկտրոնային երաժշտության համերգ՝ տեղացի դիջեյների և իտալացի կատարող Բենի Բենասիի մասնակցությամբ:
Համերգներ կլինեն նաև քաղաքի այլ կետերում․ Կասկադում՝ ջազ, Դիանա Աբգարի պուրակում՝ ռոք համերգ, Օպերայի մոտ՝ դասական երաժշտություն, իսկ Հանրապետության հրապարակում ելույթ կունենա երգիչ Թաթա Սիմոնյանը: Համայնքների վարչակազմերին ազատություն է տրվել տեղական տոնական ծրագրեր կազմակերպելու հարցում։