ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմը մասնակցելու է 2026 թվականի խորհդարանական ընտրություններին։ Այս մասին Քոչարյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Անդրադառնալով 2021 թվականի խորհրդարանական ընտրություններին` նա նշեց` դրանք ցույց տվեցին, որ ինքն ինչ–որ չափով ունի ազդեցություն մի զանգվածի վրա, և կա կոնսոլիդացման հնարավորություն։
«Հիմա պատկերացրեք` 2021 թվականին ես չմասնակցեի ընտրություններին։ Աչքի առաջ ունենք 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունները. հիշեք, թե ինչ արդյունքներ են եղել` ավելի լավ խորհրդարան ունեի՞նք, թե՞ ավելի վատ։ Բավարա՞ր է իմ մասնակցության ձայները։ Ո՛չ, բավարար չէ։ Կուզենայի՞նք, որ այլ ուժեր լինեին, որոնց հետ մեր համագործակցությունը կբերեր իրավիճակի փոփոխության։ Այո՛, կցանկանանք, որի մասին շատ պարզ ու հասկանալի ձևով արտահայտվում ենք»,– ընդգծեց նա։
Քոչարյանի համար տարօրինակ են այն հայտարարությունները, թե ՀՀ նախկին նախագահները չպետք է մասնակցեն քաղաքական պրոցեսներին։ Ըստ նրա` եթե կոնկրետ քաղաքական ուժ մտնում է ընտրապայքարի մեջ, ապա այն գլխավորում են տվյալ ուժի առաջնորդները` ՀԱԿ–ի դեպքում` ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը, ՀՀԿ–ի դեպքում` Սերժ Սարգսյանը, և այլն։
Ինչ վերաբերում է իր թիմին, Քոչարյանն ասաց` պարտադիր չէ, որ այն ինքը գլխավորի։
«Եթե մեր թիմի մեջ հայտնվի մեկը, որը սոցիոլոգիայով ավելի շատ ձայներ կարող է հավաքել, ես միայն ուրախ կլինեմ։ Դա սկզբունքային հարց չէ, այլ քաղաքական դաշտի, հանրային կարծիքի հետազոտման հարց է»,–նշեց ՀՀ 2–րդ նախագահը։
Ռոբերտ Քոչարյանը հորդորեց «համագործակցել» ու «կոնսոլիդացիա» բառերը միմյանց չխառնել։ Նրա խոսքով՝ կոնսոլիդացիա նշանակում է միավորում։
«Այն ուժը, որը հավաքում է առավելագույն ձայները, առաջադրում է վարչապետի թեկնածու։ Ոչ թե պատրաստ ենք համագործակցել, այլ միգուցե ինչ-որ մի տեղ ուրախ կլինենք, որովհետև ՀՀ-ն այս բեռի տակից հանելը լրջագույն պրոբլեմ է։ Եթե մեկը գա, ավելի շատ ձայն հավաքի, ես միայն ուրախ կլինեմ։ Իհարկե, ես նախարար չեմ դառնալու, բայց ազատ կյանքով կշարունակեմ ապրել։ Այնպիսի տպավորություն է, որ գիշերը չեմ քնում ու ասում եմ` ե՞րբ եմ վարչապետ դառնալու։ 10 տարի նախագահ եմ եղել ու հետաքրքրություն չունեի քաղաքականությամբ զբաղվելու»,- ասաց Քոչարյանը։
Միևնույն ժամանակ հիշեցրեց, թե ինքն է եղել առաջին նախագահը, որը իշխանություն ձևավորելիս գործակցել է ընդդիմադիրների հետ ու կառավարություն ձևավորել։
Հիշեցնենք, որ ՀՀ–ում խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7–ին։