ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի – Sputnik. Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը եգիպտական Շարմ էլ Շեյխում ընթացող բանակցություններում երաշխիքներ է պահանջում, որ Իսրայելը հրադադարի համաձայնության հասնելուց հետո չի կրկնի Գազայի հատվածին հասցված հարվածները: Այս մասին հայտնում է «Al Qahera News» հեռուստաալիքը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Աղբյուրները հավելել են, որ Եգիպտոսը սկսել է քննարկել պաղեստինցի բանտարկյալների ցուցակները, որոնց, ըստ փոխանակման համաձայնագրի, նախատեսվում է ազատ արձակել իսրայելական բանտերից։
Ըստ աղբյուրների՝ Կատարի, Թուրքիայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները շարունակում են ժամանել Շարմ էլ Շեյխ՝ մասնակցելու Թրամփի ծրագիրը քննարկելու նպատակով անցկացվող հանդիպումներին:
Այժմ Շարմ էլ Շեյխ քաղաքում Կատարի և Եգիպտոսի միջնորդությամբ ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի ներկայացուցիչների անուղղակի բանակցություններ են ընթանում Գազայի հատվածում պատերազմը դադարեցնելու հարցով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր 20 կետից բաղկացած ծրագիր, որը նախատեսում է անհապաղ հրադադար՝ 72 ժամվա ընթացքում պատանդներին ազատ արձակելու պայմանով: Փաստաթղթի համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը և այլ խմբավորումներ պետք է հրաժարվեն մասնակցել Գազայի հատվածի կառավարմանը։ Վերահսկողությունը պետք է անցնի տեխնոկրատ իշխանություններին՝ միջազգային մարմնի հսկողության ներքո, որը, ըստ մտահղացման, պետք է գլխավորի Թրամփը։