ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան և ռուսական «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը կարող է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում որակազրկվել 10 խաղով՝ ռասիզմի համար: Այս մասին տեղեկացնում է Sport24.ru-ն` վկայակոչելով RFS-ի կանոնակարգը:
ՌՊԼ-ի 11-րդ տուրում «Ախմատի» հետ հանդիպման 85-րդ րոպեին (2:0) գրոզնեցիների կիսապաշտպան Իբրահիմ Նդոնգը հեռացվեց խաղադաշտից Սպերցյանի դեմքին հարվածելու համար: Ըստ սենեգալցու՝ «Կրասնոդարի» ավագն իրեն ասել է. «Բերանդ փակիր, սև կեղտ»:
Էդուարդ Սպերցյանը մեկնաբանել է իրավիճակը՝ իր Telegram-ալիքում տեսանյութ հրապարակելով։
«Ուզում եմ մեկնաբանել երեկվա իրավիճակը, որն արդեն շրջանակներից դուրս է եկել։ Ես անընդունելի եմ համարում իմ հասցեին չապացուցված մեղադրանքները։ Պատրաստ եմ ցանկացած միջոցով ապացուցել, որ ճիշտ եմ։ Տեսախցիկները նայեք, կարդացեք շրթունքների շարժումներով, պոլիգրաֆ՝ խնդիր չկա: Ես վստահ եմ ինքս իմ և իմ խոսքերի վրա։ Ես գիտեմ, որ ես դա չեմ ասել: Ես Կովկասում եմ մեծացել, ես գիտեմ բոլոր հասկացությունները, ծնողներս ինձ ճիշտ են դաստիարակել։ Ես երբեք նման բան ինձ թույլ չեմ տա։ Ամբողջ աշխարհում շատ ընկերներ ու ծանոթներ կան, որոնց հետ ես շփվում եմ: Այն, ինչ հիմա կատարվում է, մի քիչ ծիծաղելի է, կարծես ինչ-որ կրկես լինի: Ուղղակի որոշեցի ներկայացնել: Հիմա շատ բան են գրում այդ մասին, բայց իմացեք՝ ես իմ խոսքերի համար պատասխանատու եմ»,-ասել է հայ ֆուտբոլիստը։
Նշենք, որ ՌՊԼ-ի 2025/2026 մրցաշրջանում Էդուարդ Սպերցյանը դարձել է 4 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: