ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Եվրամիությունը դիտարկում է A7A5 սթեսբլկոինի դեմ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը: Այս մասին հայտնում է «Bloomberg» գործակալությունը՝ հղում անելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթղթերին։
Ըստ գործակալության՝ սահմանափակումները կարող են Եվրամիության երկրներում գործող կազմակերպություններին արգելել մասնակցել տվյալ թվային արժույթով իրականացվող ցանկացած գործողության: Բացի այդ, նախատեսվում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի, Բելառուսի և Կենտրոնական Ասիայի պետությունների մի շարք բանկերի դեմ, որոնք ապահովում են A7A5-ով գործարքների իրականացումը։
Ռուսական «Պրոմսվյազբանկի» մասնակցությամբ ստեղծված անդրսահմանային փոխանցումների A7 պլատֆորմն ավելի վաղ հայտնել էր, որ A7A5 սթեյբլկոինը ստացել է թվային ֆինանսական ակտիվի կարգավիճակ: Դա ռուսաստանյան արտահանողներին և ներմուծողներին թույլ է տվել միջազգային հաշվարկներում որպես վճարման միջոց օգտագործել այդ արժույթը:
Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել Արևմուտքի պատժամիջոցային ճնշմանը, որը շարունակվում է արդեն մի քանի տարի: Ռուսաստանի իշխանությունները պատժամիջոցներն անարդյունավետ են անվանում և նշում են, որ դրանց հետևանքները բացասաբար են անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա:
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը զսպելու և թուլացնելու քաղաքականությունը Արևմուտքի երկարաժամկետ ռազմավարությունն է, իսկ պատժամիջոցների նպատակը միլիոնավոր մարդկանց կենսապայմանների վատթարացումն է: