ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Ռուսաստանի ֆուտբոլային միության (ՌՖՄ) վերահսկիչ-կարգապահական կոմիտեն հոկտեմբերի 16-ի նիստում կքննարկի «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի և Գրոզնիի «Ախմատի» սենեգալցի պաշտպան Ուսման Նդոնգի մասնակցությամբ միջադեպը։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է կոմիտեի ղեկավար Արթուր Գրիգորյանցը:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրի խաղի երկրորդ խաղակեսի վերջնամասում Նդոնգի և Սպերցյանի միջև բախում է տեղի ունեցել: Մրցավարը խաղի տեսակրկնությունը դիտելուց հետո «ագրեսիվ պահվածքի համար» խաղադաշտից հեռացրել է սենեգալցուն, իսկ «սադրիչ գործողությունների համար» Սպերցյանին ցույց է տվել դեղին քարտ։ Խաղի ավարտից հետո Նդոնգը «Матч ТВ» - ին հայտնել է, որ «Կրասնոդարի» ֆուտբոլիստն իր նկատմամբ թույլ է տվել ռասիստական վիրավորական արտահոյտություն: «Ախմատը» հայտարարություն է տարածել, որում ՌՖՄ-ից պահանջել է պատժել Սպերցյանին։ Սպերցյանը պատասխան տեսաուղերձով հերքել է Նդոնգի մեղադրանքները և պատրաստակամություն հայտնել ցանկացած, այդ թվում՝ պոլիգրաֆի միջոցով ապացուցելու, որ ինքը սենեգալցու հասցեին ռասիստական վիրավորանք թույլ չի տվել:
«ՌՖՄ-ի վերահսկիչ-կարգապահական կոմիտեն Սպերցյանի և Նդոնգի միջև տեղի ունեցած միջադեպը կքննարկի, բայց քանի որ առաջիկա օրերին Սպերցյանը գտնվելու է Հայաստանի հավաքականում, ապա հարցը կքննարկվի հաջորդ նիստում՝ մինչև հերթական փուլի մեկնարկը», - հայտարարել է Գրիգորյանցը։
Նա նշել է, որ ագրեսիվ պահվածքի համար հեռացված Նդոնգը նույնպես հրավիրվել է նիստին: Բացի այդ, կդիտարկվի խաղադաշտի LED վահանակին ոտքով հարվածելու կապակցությամբ «Ախմատի» ֆուտբոլիստ Սամորոդովի ոչ սպորտային պահվածքը, ինչի հետևանքով սարքավորումը վնասվել է: