ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Հնարավոր է` Ռուսաստանում լեզվի իմացության թեստից ազատվեն այն երկրներից ժամանած միգրանտների երեխաները, որտեղ ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի։ Նման նախաձեռնությամբ հանդես է եկել Պետդումայի ԱՊՀ հարցերի հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը։ Համապատասխան օրինագիծը ներկայացվել է Պետական դումա։
Փաստաթղթի բացատրական գրության մեջ ասվում է, որ նախագծի նպատակն է օպտիմալացնել կրթության ոլորտը և վերացնել ավելորդ խոչընդոտները օտարերկրյա քաղաքացիների նշված կատեգորիաների համար:
Բացի այդ, օրինագծով առաջարկվում է թեստից ազատել արտերկրում բնակվող հայրենակիցների կամավոր վերաբնակեցման աջակցության ծրագրի մասնակիցների երեխաներին: Բացառությունների ցանկում ներառվել են նաև օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների աշխատակիցների երեխաները, որոնց կարգավիճակը հաստատված է պաշտոնական փաստաթղթերով:
Ռուսերենը պետական լեզվի կարգավիճակ ունի Բելառուսում և Մերձդնեստրում։ Ռուսերենը որոշակի իրավական սահմանափակումներով պաշտոնական լեզվի կարգավիճակ ունի Ղրղզստանում, Ղազախստանում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում: