ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի – Sputnik. Իշխող «Վրացական երազանքի» գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, որը Թբիլիսիի քաղաքապետ է ընտրվել երրորդ անգամ, հայտարարել է, որ իրեն առաջին հերթին հետաքրքրում է վրաց ժողովուրդը, ոչ թե Եվրամիությունը: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով ԵՄ ներկայացուցիչների հայտարարությանը։
Ավելի վաղ ԵՄ գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը և եվրահանձնակատար Մարթա Կոսը, մեկնաբանելով Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտարարել էին, որ դրանք անցել են այլախոհության համատարած ճնշման պայմաններում և մրցակցային չեն եղել, քանի որ ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել ընտրություններին:
«Եվրամիությունն ինձ ընդհանրապես հետաքրքիր չէ, ինձ համար ամենակարևորը նորին մեծություն Վրաստանի ժողովուրդն է»,-ասել է Կալաձեն:
Դիմելով ընդդիմադիր հեռուստաընկերությունների լրագրողներին՝ նա հայտարարել է, որ Կալլասն ու Կոսը նրանց չեն փրկի, Վրաստանի ժողովուրդը չի աջակցում ընդդիմությանը: Նրա խոսքով՝ երկրի քաղաքացիներն են երկրի տերը, և միայն նրանք են որոշում, թե ով պետք է լինի Վրաստանի իշխանությունը, ով՝ ընդդիմությունը։
Ավելի վաղ Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին, ի պատասխան Կալլասի և Կոսի հայտարարության, ասել էր, որ Վրաստանի հանրությունն ուզում է Եվրամիությունից ներողություն լսել իշխանությունը տապալելու փորձին աջակցելու համար:
Հիշեցնենք` Վրաստանում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ անցկացվեցին հոկտեմբերի 4-ին: ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ «Վրացական երազանքը» հավաքեց քվեների ավելի քան 80%-ը, ինչը նշանակում է, որ երկրորդ փուլ չի լինի։
Ընտրատեղամասերի փակումից հետո իրավիճակը Թբիլիսիում լարվեց․ ակցիայի մասնակիցների մի մասը փորձեց գրոհել նախագահի նստավայրն ու զավթել իշխանությունը: Բախումներ սկսվեցին։ Ձերբակալվեցին ակցիայի հինգ կազմակերպիչներ։