ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի - Sputnik. Հինգ տարվա ընթացքում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների տարածքում հայտնաբերվել է 53 մլն միավոր ծավալով կեղծ արտադրանք: Այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Բախիտ Սուլթանովը Մինսկում ընթացող «Անտիկոնտրաֆակտ» միջազգային համաժողովի ժամանակ:
Անցյալ տարի ամենաշատ խախտումները վերաբերել են հագուստին և կոշիկին, կենցաղային տեխնիկային և էլեկտրոնիկային, խաղալիքներին, արդուզարդին, աքսեսուարներին, տրանսպորտային միջոցների պահեստամասերին, ինչպես նաև օծանելիքին և կոսմետիկային:
«ԵԱՏՄ-ի ցուցանիշներն ընդհանուր առմամբ արտացոլում են կեղծ ապրանքների տարածման համաշխարհային միտումները»,- նշել է Սուլթանովը:
Համաժողովն անցկացվում է հոկտեմբերի 6-7-ը: Դրան մասնակցում են Եվրասիական տնտեսական միության պետությունների պրոֆիլային գերատեսչությունների ներկայացուցիչները: Նրանք քննարկում են արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության դեմ պայքարը և մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանությունը միավորման շրջանակներում։