ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ու Ռուսաստանի գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր են քննարկել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազության մամուլի ծառայությունը։
Աննա Վարդապետյանը 2025 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազի տեղակալ Պյոտր Գորոդովի գլխավորած պատվիրակությանը
© Photo
Գորոդովի գլխավորած պատվիրակությունը Հայաստան էր ժամանել` մասնակցելու Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի 10-րդ նիստին:
Վարդապետյանը կարևորել երկու երկրների իրավապահ կառույցների միջև համագործակցության մակարդակը և վստահություն հայտնել, որ նիստում ընդունված որոշումները կնպաստեն խորհրդի շրջանակում համատեղ աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
«Խորհուրդը ստեղծելիս ԱՊՀ անդամ պետությունները ճանաչել են, որ կոռուպցիան սպառնալիք է ցանկացած պետության անվտանգության համար, մեծ նշանակություն են տվել կոռուպցիայի դեմ պայքարում համագործակցության զարգացմանն ու ձգտել են համակարգել այն՝ գիտակցելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է համատեղ և արդյունավետ մեխանիզմներ ու ջանքեր։ Հետևաբար ՀՀ գլխավոր դատախազության կողմից խորհրդի նախագահությունը ստանձնելը արդյունավետ համագործակցության ևս մեկ հնարավորություն է»,- նշել է նա։
Գորոդովը Վարդապետյանին շնորհավորել է Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նախագահությունը ստանձնելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանք:
Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհուրդը ստեղծվել է ԱՊՀ անդամ պետությունների 6 ղեկավարների կողմից 2013 թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի կազմավորման մասին» համաձայնագրի հիման վրա, հանդիսանում է ԱՊՀ ճյուղային համագործակցության մարմին և հաշվետու է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդին:
Խորհրդի անդամներն են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի և Ղրղզստանի գլխավոր դատախազները, Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեն, Ուզբեկստանի կոռուպցիայի հակազդման գործակալության տնօրենն ու Տաջիկստանի պետական ֆինանսական հսկողության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալության տնօրենը: