Հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարում է․ Արա Աբրահամյանը՝ Միքայել սրբազանի դատավճռի մասին

Նա ընդգծել է, որ եկեղեցու դեմ պայքարը որևէ մեկին պատիվ չի բերում և անջնջելի հետք է թողնում ոչ միայն անձանց, այլև ամբողջ հասարակության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի դատավճիռը Հայաստանում ժողովրդավարության և արդարադատության բացակայության, հոգևոր-բարոյական նորմերի ոտնահարման վկայությունն է, որը քաղաքական ենթատեքստ ունի։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:
«Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից մի քանի ամիս առաջ դատարանի այս որոշումը քաղաքական ենթատեքստ ունի և կապված է ժողովրդի շրջանում սկզբունքային և հայրենասեր արքեպիսկոպոսի ժողովրդականության հետ», - ասել է Աբրահամյանը:
Նա հիշեցրել է, որ արքեպիսկոպոսը հրաժարվել է հոգեհանգստի պատարագ մատուցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ՝ այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը վերջինիս վարած քաղաքականության վերաբերյալ, այդ թվում՝ եկեղեցու նկատմամբ:
«Եկեղեցու և նրա սպասավորների դեմ պայքարը որևէ մեկին պատիվ չի բերում և անջնջելի բիծ է թողնում ոչ միայն իշխանության, այլև, ցավոք, ողջ հասարակության վրա»,- եզրափակել է Աբրահամյանը:
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։