ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառների, ընթացքի և ցավալի պարտության համար պատասխանատվությունը բարդվելու է բանակի, նախկինների և այլ մարդկանց վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցին։ Օհանյանը հանձնաժողովի զեկույցը ոչ արժանահավատ է համարում, որովհետև, ըստ նրա, հանձնաժողովի կազմն արդեն հուշում է՝ արդարացի քննություն չէր կարող լինել։
«Առաջին պատճառն այն է, որ մեծամասնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ են․ 11 հոգուց 8-ն իրենք են. ինչ ուզեն, այն էլ կանցկացնեն։ 2-րդը՝ քննիչ հանձնաժողովի այդ անդամները, պայմանավորված իրենց հիմնական պարտականություններով՝ օրենսդիր գործունեությամբ և խորհրդարանական վերահսկողությամբ, ի վիճակի չեն եղել ժամանակին քննելու այնպիսի կարևոր, ժամանակատար, բովանդակալից հարց, ինչպիսին 44-օրյա պատերազմի հանգամանքների քննությունն է»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ դրա համար էլ իրենք առաջարկել էին օրենսդրական փոփոխություններ կատարել, որ քննիչ հանձնաժողովում հավասար բաշխվածություն լինի իշխող խմբակցությունից և ընդդիմությունից, ինչպես նաև լինեն Արցախի, փորձագիտական և վերլուծական հանրության ներկայացուցիչներ։
Հաշվի առնելով այս ամենը՝ իրենք հրաժարվել են մասնակցել քննիչ հանձնաժողովի աշխատանքներին՝ այն չլեգիտիմացնելու համար։
«Հասկանալի է, չէ՞, որ իրենք չեն քննելու, օրինակ, Նիկոլ Փաշինյանի դերը կամ նրա վրա քրեական գործ չեն հարուցելու, չեն անդրադառնալու, թե ինչու բանակցային գործընթացը տապալվեց, չշարունակվեց, չկատարվեցին բոլոր այն առաջարկությունները, որ վերաբերում էին Արցախի ինքնորոշմանը։ Երբ հարցը 44-օրյա պատերազմին է վերաբերում, մենք պետք է լիարժեք պատասխան ստանանք»,- ասաց Օհանյանը։
Հավելում է՝ նաև պետք է պատասխանել այն հարցերին, թե ինչո՞ւ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկվել պետության առջև դրված պաշտպանական խնդիրները կատարելու համար և այլն, ինչպե՞ս հակառակորդը հասավ Շուշի, Հադրութ, մոտեցավ սահմաններին և ներթափանցեց Հայաստանի Հանրապետություն, ինչպե՞ս Արցախը հայաթափվեց, և այսպես շարունակ։
Օհանյանը չի բացառում, որ պատճառներից մեկն էլ սա է, որ զեկույցի ներկայացման ժամկետները հետաձգվում են։
«Կարծում եմ՝ հատուկ է արվում, մյուս կողմից էլ իրավական խնդիրներ կան։ Բացի այդ, մտավախություն ունեն, որովհետև հարցեր են առաջացել, իրենք պետք է ներկայացնեն նաև իրենց մեղքի չափը, որովհետև մեծամասնությամբ այս ամենը հենց իրենց մեղավորությունն է։ Զգում են իրենց պատասխանատվությունը, որից խուսափում են։ Բայց, միևնույն է, ժամանակի ընթացքում և՛ Աստծո առաջ, և՛ նաև իրավապահ մարմինների առաջ իրենք կրելու են այդ պատասխանատվությունը»,- ասաց Օհանյանը։
Նրա կարծիքով՝ կարող են ժամկետները ձգձգել մինչև հերթական խորհրդարանական ընտրությունները, որ հանրությանը չներկայացնեն քննության արդյունքները, որովհետև գիտեն՝ բազմաթիվ հարցեր են հնչելու։
Նշենք` 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը սեպտեմբերի 3-ին հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը ներկայացնել սեպտեմբերի 30-ին մեկնարկող նստաշրջանի օրակարգում: Սիմոնյանի այս որոշումը լուրջ կրքեր է առաջացրել խմբակցությունում և զայրացրել պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Նա հայտարարել է, որ խոսնակը իրավունք չունի նման որոշում ընդունել, սակայն Սիմոնյանն անդրդվելի է։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։