ՌԴ ակտիվների հարցով Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան ճնշում են ԱՄՆ–ին և Ճապոնիային. Politico

Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը զրկվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում սառեցված մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներին հասանելիությունից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Գերմանիան, Ֆրանսիան և Իտալիան ձգտում են ստանալ ԱՄՆ-ի և Ճապոնիայի աջակցությանը ռուսական սառեցված ակտիվների բռնագրավման հարցում՝ Ուկրաինային օգնելու նպատակով։ Այս մասին գրում է Politico-ն՝ հղում անելով իր աղբյուրներին:
Բելգիան դեմ է ՌԴ–ի սառեցված ակտիվները բռնագրավելու գաղափարին
Պարբերականի տեղեկություններով՝ Եվրոպական կենտրոնական բանկը մտավախություն ունի, որ ՌԴ ակտիվների օգտագործումը Կիևին այսպես կոչված «վերականգնման վարկ» տրամադրելու համար կարող է խաթարել եվրոյի նկատմամբ վստահությունը: Եվրոպական արժույթի համար ռիսկերը կնվազեն, եթե նախաձեռնությանը միանան Վաշինգտոնն ու Տոկիոն, սակայն երկու երկրներն առայժմ զգուշությամբ են վերաբերվում գաղափարին: Politico-ի զրուցակիցներից մեկը նշել է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումը «շարունակում է անհասկանալի մնալ»։
Հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո Ռուսաստանը զրկվել է ԵՄ-ում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ճապոնիայում սառեցված մոտ 300 մլրդ դոլարի ակտիվներին հասանելիությունից: Ընդ որում, 210 մլրդ դոլարը տեղաբաշխված է Բելգիայում՝ Euroclear-ում, և միայն 5-6 մլրդ դոլարն է գտնվում ԱՄՆ-ում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ զգուշացրել էր, որ բռնագրավման դեպքում Մոսկվան անհապաղ պատասխան միջոցներ կձեռնարկի: