ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի – Sputnik․ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում տեղի կունենա 2026 թ. մայիսի 4-ին։ Սոցցանցային էջերում այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մասնակից երկրների ղեկավար գործընկերներիս պաշտոնապես հրավիրեցի Երևան. մեծ պատիվ է հյուրընկալել նրանցից յուրաքանչյուրին»,– գրել է վարչապետը։
Նշենք, որ այսօր Կոպենհագենում կայացել է Եվրոպական քաղաքական համայնքի 7-րդ գագաթնաժողովը, որին մասնակցել է նաև Փաշինյանը։
«ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը Հայաստանում հյուրընկալելը կամրապնդի մեր ինտեգրումը եվրոպական ընտանիքին և հնարավորություն կտա ցուցադրել մեր առաջընթացը ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,– իր ելույթում ասել է նա:
ՀՀ վարչապետը խոսել է նաև «հիբրիդային սպառնալիքների» մասին` այդ համատեքստում կարևորելով Եվրոպայի դերը։
«Ես կարծում եմ, որ հատկապես այսօր կարևոր է ամրապնդել Եվրոպայի կարողությունը՝ պայքարելու մեր առջև ծառացած հիբրիդային սպառնալիքների դեմ և միևնույն ժամանակ պահպանելու ժողովրդավարական կառավարման ամբողջականությունը, օրենքի գերակայությունը, ազատ և արդար ընտրությունները և քաղաքական բազմակարծությունը, նույնիսկ ներքին կամ արտաքին ճնշումների պայմաններում»,– նշել է Փաշինյանը։
Հիշեցնենք` այն մասին, որ Հայաստանը հավակնում է հաջորդ տարի անցկացնել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, հայտնի դարձավ մայիսի 21–ին։ Երևանում այդ մասին հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` նշելով, որ այս ձևաչափը ստեղծվել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ ԵԱՀԿ եվրոպացի անդամների (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի) ներգրավմամբ: Լավրովի խոսքով` այս ձևաչափն ի սկզբանե ստեղծվել է փաստացի Ռուսաստանին և Բելառուսին մեկուսացնելու համար։
Հավելենք, որ Փաշինյանը 2022 թվականից պարբերաբար մասնակցում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովներին: Հենց 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում նման գագաթնաժողովի շրջանակում ստորագրվեց այն հռչակագիրը, որով ՀՀ–ն Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում։