ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի - Sputnik. Իրանը 10 անգամ ավելացրել է իր հարձակողական ներուժը հունիսին Իսրայելի հետ պատերազմից հետո: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանում -խմբ.) «Սարոլլահ» ստորաբաժանման հրամանատարի տեղակալ, բրիգադային գեներալ Հոսեյն Նեջաթը։
«Մենք վերացրել ենք 12-օրյա պատերազմի ընթացքում ի հայտ եկած «թույլ տեղերը»։ Եթե իսրայելական ռեժիմը կրկին սխալ թույլ տա՝ մեր հարձակողական ներուժն արդեն հիմա 10 անգամ գերազանցում է 12-օրյա պատերազմի սկզբում ունեցածը», - գեներալի խոսքը մեջբերում է IRIB գործակալությունը։
Հիշեցնենք` Իսրայելը հունիսի 13-ի գիշերը լայնածավալ գործողություն սկսեց Իրանի դեմ ՝ նրան մեղադրելով գաղտնի ռազմական-միջուկային ծրագրի իրականացման մեջ, որն իբր մոտեցել է անվերադարձության կետին: Օդային ռմբակոծությունների և դիվերսիոն խմբերի արշավանքների թիրախներն էին ատոմային օբյեկտները, գեներալիտետը, ականավոր միջուկային ֆիզիկոսները, ավիաբազաները, հակաօդային պաշտպանության միջոցները, «երկիր-երկիր»հրթիռները:
Իրանը, որը հերքում է իր ատոմային նախագծի ռազմական բաղադրիչը, սկսեց պատասխանել հրթիռային համազարկերով և հարվածային անօդաչու թռչող սարքերի արձակմամբ Իսրայելի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ:
Իսկ հունիսի 22-ին Իրանին հարվածներ հասցրեց ԱՄՆ ավիացիան։ Հարձակման ենթարկվեցին Իրանի միջուկային օբյեկտները Նաթանզում, Ֆորդոյում և Սպահանում։ Հարձակումը, ըստ Վաշինգտոնի, նախատեսված էր Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու կամ լրջորեն թուլացնելու համար: Հունիսի 23-ի երեկոյան Իրանը հարվածներ հասցրեց Կատարի Ալ-Ուդեյդ ամերիկյան ռազմակայանին։
Հունիսի 24-ի առավոտյան ԱՄՆ նախագահը հայտարարեց, որ Թեհրանն ու Թել Ավիվը պայմանավորվել են հրադադարի մասին: