ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Դոնեցկում, Մարիուպոլում, Կրասնոյարսկում և Օրյոլում զանգվածային սպանությունների նախապատրաստմանը մասնակցած 5 ՌԴ քաղաքացու, ինչպես նաև Չելյաբինսկի մարզից 3 անչափահասների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում:
Ինչպես հայտնել են գերատեսչությունում, ձերբակալվածներից 9-ի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել մի շարք, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության, պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման և ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի հոդվածներով:
Նշվում է, որ ձերբակալություններն անցկացվել են երկրի 75 տարածաշրջանում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում բռնության, ծայրահեղականության և ինքնասպանության գաղափարախոսության տարածումը կանխելուն: Խուզարկությունների ժամանակ ձերբակալվածներից առգրավվել են պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, ինչպես նաև ուկրաինական ահաբեկչական կառույցների քարոզչական նյութեր:
Բացի այդ, ըստ գերատեսչության, կասեցվել է երիտասարդության շրջանում նեոնացիզմի և ահաբեկչության գաղափարների տարածման ուղղությամբ տելեգրամյան ալիքների և զրույցների 59 ադմինիստրատորների գործունեությունը: