ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունն ամբողջովին կբացահայտվի։ Այս մասին նա ասաց ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի դիտարկումներին։
Ընդդիմադիր պատգամավորը, ի թիվս այլ հայտարարությունների, նշեց, որ ՀՀ-ում հենց որ ընդդիմադիր համայնքապետ է ընտրվում, կա՛մ քաղաքական հետապնդման է ենթարկվում, կա՛մ սպանվում է, մինչդեռ վարչապետը ԵԽԽՎ-ում հայտարարում է, թե այնքան ժողովրդավար երկիր ենք դարձել, որ ՏԻՄ-երում նույնիսկ ընդդիմադիր գործիչներ են ընտրվում։
«Փարաքարի համայնքապետի ցավալի սպանության առնվազն կատարողները բացահայտված են. որևէ կասկած չունեմ, որ այն ամբողջովին կբացահայտվի»,- հայտարարեց նա։
Փաշինյանն անդրադարձավ նաև մյուս քրեական գործերին, որոնք, ըստ ընդդիմադիր պատգամավորի դիտարկումների, մինչ օրս չեն բացահայտվել, թեև ՀՀ վարչապետը հակառակն է պնդում։
«Պողոս Պողոսյանի գործը դատարանում է, ենթադրում եմ՝ դա էլ կբացահայտվի։ Վահրամ Խորխոռունու սպանությունը ևս բացահայտվում է․ բոլոր նախադրյալները կան, որ գործը կգնա դատարան։ Մարտի 1-ի գործը բացահայտված է, մնում է, որ պատասխանատուները արժանի պատասխանատվության ենթարկվեն»,- վստահեցրեց Փաշինյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։