ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը չի ներառվի ՀՀ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, թեև կքննարկվեն այն ներկայացնելու այլ ձևաչափեր։ Այդ մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, թե զեկույցն ուղարկվել է ԱԺ քարտուղարություն ու ինքը այն ներկայացնելու ժամկետները չի խախտել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հրաժարվել է 44-օրյա պատերազմի վերաբերյալ հանձնաժողովի զեկույցը ներկայացնել սեպտեմբերի 30-ին մեկնարկող ԱԺ առաջիկա նստաշրջանի օրակարգում: Սիմոնյանի այս որոշումը լուրջ կրքեր է առաջացրել խմբակցությունում և զայրացրել պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին։ Նա հայտարարել է, որ խոսնակը իրավունք չունի նման որոշում ընդունել, սակայն Սիմոնյանն անդրդվելի է։
Ալեն Սիմոնյանը նախ հայտարարեց, որ Քոչարյանը ոչ մի զեկույց էլ չի ուղարկել և լրագրողներին կոչ արեց նրանից ճշտել՝ եթե ուղարկել է, ապա ո համար ՞ր գործն է։ Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ զեկույցը ԱԺ լիագումար նիստերի օրակարգ մտցնելու իրավական հիմք չկա։
«Այս հարցում իմ, իմ իրավաբանական կրթության, ԱԺ իրավաբանական վարչության, ԱԺ քարտուղարության, պետաիրավական հարցերի հանձնաժողովի կարծիքները իդենտիկ են։ ԱԺ կանոնակարգ օրենքով կոնկրետ ժամկետներ են ֆիքսված, թե հանձնաժողովը երբ պետք է իրականացներ ու ավարտեր իր աշխատանքները։ Անդրանիկ Քոչարյանը փորձում է այլ կերպ մեկնաբանել, դա իր խնդիրն է։ Ես նախադեպային իրավունքով գործող հիմնարկ չեմ»,- հայտարարեց Սիմոնյանը։
Նա վստահեցրեց՝ քննիչ հանձնաժողովի զեկույցը հրապարակվելու է, սակայն դա կլինի լիագումար նիստի շրջանակում, թե օրինակ խորհրդարանական լսումների ժամանակ... կամ թե ընդդիմադիր այն պատգամավորները, որոնք իրավունք ունեն գաղտնի մասին ծանոթանալու, կգնան առաջին մասին կծանոթանան, այսպես թե այնպես, այն հրապարակվելու է, հիմա խնդիրը, վեճը միայն իրավական հարթության մեջ է։
«Խնդիրը ժամկետների խախտումը չէ, այլ ուղղակի գործն այնքան ծավալուն է եղել, որ երկար ժամանակ է պահանջվել հանձնաժողովից, ու այստեղ պարոն Քոչարյանին որևէ բանի մեջ ես չեմ մեղադրում, ուղղակի մեկնաբանությունների խնդիր կա՝ պարոն Քոչարյանն իր գիտելիքների սահմաններում իր ձևով է մեկնաբանում։ Կներեք, սակայն, եթե ինքը պետք է մեկնաբանի ու որոշում կայացնի, թող գնա ու որոշում կայացնի, սակայն եթե ես եմ որոշում կայացնողը, ապա ինձ համար հիմք է ԱԺ կանոնակարգ օրենքը։ Միայն կարող եմ ասել, որ անելու ենք մաքսիմալը, որ այդ զեկույցը հրապարակվի, թեև կան հատվածներ, որոնք չեն հրապարակվի»,- ընդգծեց ԱԺ նախագահը։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ 2020 թ. սեպտեմբերի 27–ին Ադրբեջանի սանձազերծած 44–օրյա ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է Ազգային Ժողովի նախագահին։
Այս տարվա ապրիլին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի սեպտեմբերի 27–ին հաջորդող խորհրդարանական նստաշրջանի առաջին կամ երկրորդ օրը։
Եվ դա այն դեպքում, երբ քննիչ հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը դեռ 2023–ի դեկտեմբերի 1–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը առաջիկա 1.5–2 ամսվա ընթացքում կկազմի զեկույց և կներկայացնի ՀՀ ազգային ժողովին։
Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։ Ուսումնասիրությանը մասնակցել են հրավիրված մասնագետներ` նախկին և գործող զինվորականներ, քաղաքական բարձրաստիճան գործիչներ և այլն։ Հանձնաժողովում անհատական կարգով նյութեր են ներկայացրել նաև պատերազմի մասնակիցներն ու զոհվածների հարազատները։