ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Google-ին պատկանող YouTube տեսահարթակը 24.5 մլն դոլար կվճարի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դատական հայցը կարգավորելու համար։ Հայցը ներկայացվել էր այն բանից հետո, երբ ընկերությունը 2021 թվականին արգելափակեց նրա էջը Կապիտոլիումի գրոհի ֆոնին։ Այս մասին հայտնել է The Washington Post-ը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ այդ գումարից 22 մլն դոլարը Թրամփի կարգադրությամբ կուղղվի Սպիտակ տան նոր պարահանդեսային դահլիճի կառուցմանը։ Մնացած մասը կտրվի մյուս հայցվորներին, որոնք նույնպես մեղադրել են YouTube-ին գրաքննության մեջ։
Պարբերականը հիշեցնում է, որ ավելի վաղ Թրամփը նմանատիպ համաձայնություններ է կնքել այլ հարթակների հետ։ Meta (Ռուսաստանում ծայրահեղական է ճանաչվել) ընկերությունը համաձայնել է վճարել 25 մլն դոլար, X-ը (նախկինում՝ Twitter)՝ 10 մլն դոլար։
Facebook–ում, Instagram–ում (երկուսն էլ պատկանում են Meta-ին), Twitter–ում և YouTube–ում Թրամփի հաշիվները արգելափակվել էին 2021 թվականի սկզբին՝ կանոնները խախտելու համար: Նույն տարվա հուլիսին Թրամփը դատական հայցեր ներկայացրեց սոցցանցերի դեմ: Twitter–ում նրա էջն ապաարգելափակվեց 2022 թվականին, իսկ մյուս սոցցանցերում՝ 2023 թվականին:
Արգելափակումները Թրամփին դրդեցին ստեղծել իր սեփական հարթակը՝ Truth Social-ը, որը 2022 թվականի փետրվարից ի վեր առցանց լսարանի հետ նրա շփման հիմնական ալիքն է:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցները ներխուժեցին ԱՄՆ Կոնգրեսի շենք՝ խոչընդոտելու 2020 թվականի նախագահական ընտրությունների արդյունքների հաստատմանը, որոնցում հաղթել էր դեմոկրատ Ջո Բայդենը: Անկարգությունների ժամանակ ոստիկանությունը սպանել էր ցուցարարներից մեկին, մի քանի մարդ էլ մահացել էին բժշկական պատճառներով: Ավելի ուշ մահացավ նաև Կապիտոլիումի ոստիկանության աշխատակիցներից մեկը։