Ձեզ խաբել են, թե ՔՊ–ում կան պատգամավորներ, որ կարող է միանան իմպիչմենտին. Բաքոյան

Ռուստամ Բաքոյանի խոսքով` ՔՊ կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություն իրականացնողները հեռացվում են կուսակցությունից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չկա որևէ մեկը, որ կմիանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Ընդդիմությունը, ըստ նրա, խաբում է՝ հայտարարելով, թե ՔՊ-ից կարող են մարդիկ միանալ։
«Նման հայտարարություն անողներն առաջին հերթին խաբել են ձեզ՝ լրագրողներին, որ իբր նման մարդիկ կամ պատգամավորներ կան ՔՊ-ում, որոնք պատրաստ են միանալ իմպիչմենտի գործընթացին։ Շտապեմ ձեզ վստահեցնել, շատերին գուցե հիասթափեցնել, բայց չկա նման բան։ Նույնիսկ խոսակցություն, քննարկում չկա, պարզապես ծիծաղելի թեմա է»,- ասաց Բաքոյանը։
Հարցին՝ ինչքանով է լիազորված ՔՊ-ի անունից խոսել, Բաքոյանը պատասխանեց. «Ինձ պետք չէ լիազորել, ես իմ և իմ գործընկերների անունից երաշխավորում եմ, որ ՔՊ խմբակցությունից չկա որևէ մարդ, որ այլ կերպ մտածի։ Բոլորս հավատարիմ ենք միևնույն գաղափարին։ Չկա նման թեմա, մեր խմբակցությունում չի քննարկվում, և ես այդ հարցին ընդամենը ժպիտով եմ վերաբերվում»։
Իշխանական պատգամավորին զարմացրեց հարցը՝ ՔՊ-ում վարչապետի գործունեության հետ կապված որևէ դժգոհություն կամ վերապահում ունենալու հետ կապված։
«Զարմանում եմ, որ նման հարց եք տալիս, որովհետև չի կարող նման բան լինի`թիմը միասնական է գործում։ Եթե կան հարցեր, հարցերը բարձրաձայնվում են, այդ հարցերին լուծում է տրվում, չկա խզում թիմի մեջ։ Եվս մեկ անգամ պաշտոնապես ձեզ հայտարարում եմ իմ և իմ գործընկերների անունից, ասում եմ՝ երբեք չի լինելու նման բան, որովհետև ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորները այլ կերպ չեն մտածում»։
Դիտարկմանը, որ ՔՊ-ականներ Հովիկ Աղազարյանը և Հակոբ Ասլանյանը հեռացան կուսակցությունից, արձագանքեց, թե ՔՊ կուսակցության սկզբունքներից դուրս որևէ գործողություն իրականացնողները հեռացվում են ՔՊ կուսակցությունից։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ սեպտեմբերի 26-ին հայտարարեց, որ իր 28 պատգամավորի ստորագրությունը փոխանցում է «Պատիվ ունեմ» խմբակցությանը` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի գործըթնաց սկսելու համար։
ՀՀ ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։