ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անգամ Հայկ Սարգսյանը պնդում է, որ Մերձավանի նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի (ՔՊ անդամ) հետ ընկերական կամ մտերիմ հարաբերություններ չունի։ Այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Չեմ հիշում, թե Մհեր Ախտոյանին երբ եմ վերջին անգամ տեսել։ Դա եղել է հավանաբար 2 տարի առաջ։ Ընկերական հարաբերություններ, կապ չկա, անգամ իր հեռախոսահամարը չունեմ, ճանաչում եմ իրեն փողոցային պայքարից»,- ասաց Սարգսյանը։
Լրագրողները ցույց տվեցին Հայկ Սարգսյանին տարիներ առաջ արված լուսանկարը, որում նա քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի և Մհեր Ախտոյանի հետ է։ Հարց ուղղեցին նրան, թե ինչպե՞ս է ստացվում, որ քրեական ենթամշակույթը ներկայացնող մարդկանց հետ ջերմ լուսանկարվում է, բայց կապ չունի։
«Ես քրեական ենթամշակույթ կրող անձանց հետ սեղան չեմ նստում»,- պնդեց Սարգսյանը՝ հավելելով, թե բազմաթիվ մարդկանց հետ լուսանկարներ ունի, դա չի նշանակում, թե ինքը կապ ունի քրեական ենթամշակույթի հետ։
Հիշեցնենք` սեպտեմբերի 23-ի ուշ երեկոյան Մերձավանում` Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի նորակառույց առանձնատան հետնամասում, դիմակավորված, ձեռնոցներով անձը մոտեցել է կանգնած 3 անձանց, կրակահերթ արձակել և հեռացել: Միջադեպի հետևանքով սպանվել են Վալոդյա Գրիգորյանը և ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր Կարեն Աբրահամյանը, որը դեպքի պահին ծառայության մեջ չի եղել։ Դեպքի վայրում վիրավորում է ստացել ևս մեկ քաղաքացի` Արծրուն Գալստյանը։
Հանցագործությունը կատարելու կասկածանքով սեպտեմբերի 26–ին ձերբակալվել է Նարեկ Օհանյանը, որը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է և այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: որը փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սեպտեմբերի 28-ին երկրորդ անձն է ձերբակալվել, որը խոստովանել է, որ ինքն է կատարել սպանությունը, հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք հրազենը։