ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. 2026 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը կկազմվի պատվիրակների քվեարկությամբ։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը։
«Սա առաջին անգամ է լինելու։ Հուսանք, որ այդ մեխանիզմը ևս կգործի»,- ասաց Հակոբյանը։
Հակոբյանն անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության վարչության անդամ չընտրվելուն, այսինքն՝ պատվիրակների բավարար ձայն չստանալուն, ասաց, որ հետևություններ արել է։
«Մեր հարգելի, սիրելի պատվիրակներին գոհացնելու և նրանց վստահությանը հաջորդ անգամ ավելի մեծ մասշտաբով արժանանալու համար ավելի շատ պետք է աշխատենք և շփվենք»,- ասաց նա։
Հարցին, թե նախընտրական ցուցակը կազմելիս կուսակցական ընկերները հնարավո՞ր է չաջակցեն, Վաղարշակ Հակոբյանը պատասխանեց. «Կարող է բազմաթիվ ընկերներ բազմաթիվ ընկերների չկարողանան աջակցել, դա նորմալ է։ Այստեղ որևէ խնդրահարույց բան չեմ տեսնում, միգուցե ես նաև բազմաթիվ ընկերների չկարողանամ աջակցել... Թեթև տարեք»։
Հակոբյանի խոսքով՝ քաղաքական գործընթացները փոփոխության և շարունակականության մասին են, և որևէ մեկը հավերժ իր զբաղեցրած պաշտոնում չի մնում։ Ըստ նրա` այս գիտակցումը կա բոլոր ՔՊ անդամների մոտ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։