Դատախազը միջնորդեց Միքայել սրբազանին ազատազրկել 2 տարի 6 ամիս ժամկետով

Պաշտպանը հայտարարեց, որ այս դատավարությամբ արդարադատության զգացում չունեցան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik․ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կարող է սպառնալ մինչև 2 տարի 6 ամիս ազատազրկում։ Այսօր դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ մեկնարկած լրացուցիչ դատական լսումների ժամանակ նման միջնորդություն ներկայացրեց մեղադրող կողմը։

«Միջնորդում ենք պատիժ նշանակել՝ ազատազրկում 2 տարի 6 ամիս ժամկետով՝ հաշվակցելով նրա կողմից փաստացի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը»,- հայտարարեց հանրային մեղադրող Արման Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ սրբազանի կողմից կատարված հանցագործությամբ գույքային վնաս առկա չէ, ուստի գույքային հայց չի ներկայացվում։
Իրավունքը չի պարզաբանվել․ Միքայել սրբազանի պաշտպանը դատավորին բացարկ հայտնեց
Պաշտպանական կողմը շարունակում է պնդել, որ Միքայել սրբազանն անմեղ է։

«Իհարկե, դատարանն արդեն մեղադրական վերդիկտ է հայտնել, և այս տեսակետից իր դիրքորոշումը հայտնել է, որը մեզ համար ի սկզբանե պարզ էր, և պարզ էր նաև, որ մեղադրողն ազատազրկում է պահանջելու՝ 2 տարի 6 ամիս, դատարանն էլ երևի հետո կա՛մ 2 տարի կնշանակի՝ «հոգատարություն» ցույց տալով, կա՛մ դատախազի ասածը կհաստատի։ Դա կանխատեսելի էր, մենք այս դատավարությամբ, ցավոք, արդարադատության զգացում չունեցանք»,- ասաց պաշտպան Արա Զոհրաբյանը։

Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Ըստ մեղադրանքի` Միքայել սրբազանը, արքեպիսկոպոսի հոգևոր աստիճան ունենալով և հանդիսանալով Հայ առաքելական սուրբ եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդը, պարբերաբար հրապարակային ելույթներով հանդես գալով ԶԼՄ–ներով, ունենալով մեծ թվով հետևորդներ և հետևաբար նաև իր խոսքով հասարակության անդամների վարքագիծն ուղղորդելու զգալի հնարավորություն, համաձայն չլինելով ՀՀ կառավարության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ դիրքորոշումների հետ, նախ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025թվականի հունիսի 21-ին ԶԼՄ–ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր։