ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ ՀՀ դատախազությունը Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանից հօգուտ ՀՀ–ի բռնագանձել է 608 մլն դրամ։ Այս մասին հայտնում է գլխավոր դատախազությունը` հիշեցնելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանակում 2024 թվականի փետրվարի 15-ին հաշտության համաձայնություն է կնքվել Տավուշի նախկին մարզպետ Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց հետ:
«Դատարանի կողմից հաստատված հաշտության հիմքը 2024 թվականի հունվարի 22-ին Հովիկ Աբովյանի և նրան փոխկապակցված անձանց կողմից Գլխավոր դատախազություն ներկայացված՝ գործի քննությունը հաշտությամբ ավարտելու վերաբերյալ դիմումն էր, որով վերջիններս պատրաստակամություն էին հայտնել Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցել շուրջ 608 միլիոն դրամ: 2025 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ շուրջ 608 միլիոն դրամն ամբողջությամբ վճարվել է ՀՀ բյուջե»,– գրել է իրավապահ կառույցը։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 31-ին Տավուշի նախկին մարզպետը ներգրավվել էր որպես մեղադրյալ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար։
Հովիկ Աբովյանը Տավուշի մարզպետն է եղել 2014-2018 թվականներին։ Նա ՀՀԿ անդամ է։