Մահացել է «Միմինո» ֆիլմի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան

Դերասանուհու վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին մերձմոսկովյան Բալաշիխայում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 73 տարեկան հասակում մահացել է Ռուսաստանի վաստակավոր արտիստ, թատրոնի և կինոյի դերասանուհի Լյուդմիլա Գավրիլովան: Այս մասին հայտնել է նրա որդին՝ Թաիր Գազիևը։
«Անսահման ցավով և սրտումս անտանելի դառնությամբ, որը վաղուց էր կուտակվել, հայտնում եմ մորս՝ Ռուսաստանի վաստակավոր արտիստուհի Լյուդմիլա Իվանովնա Գավրիլովայի մահվան մասին», – գրել է նա սոցցանցում:
Նա նշել է, որ հանդիսատեսի համար իր մայրը կմնա անմոռանալի դերեր ու կերպարներ պարգևած դերասանուհի, գործընկերների համար՝ բեմին ու մասնագիտությանը նվիրվածության օրինակ, աշակերտների համար՝ վարպետության ու ոգեշնչման կախարդական աղբյուր։
Մահացել է Վախթանգ Կիկաբիձեն

Մահվան պատճառը չի նշվում։ Դերասանուհու վերջին հրաժեշտը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին մերձմոսկովյան Բալաշիխայում:
Լյուդմիլա Գավրիլովան ծնվել է 1951-ի նոյեմբերի 17-ին Կալուգայում: Բ. Շչուկինի անվան թատերական դպրոցն ավարտելուց հետո մինչև 2011-ը ծառայել է Մոսկվայի ակադեմիական երգիծական թատրոնի թատերախմբում, այնուհետև դասավանդել է դերասանական վարպետություն նույն Շչուկինի դպրոցում: Գավրիլովան նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Հյուսիսային ռապսոդիա», «Թեմուրը և նրա թիմը» և «Միմինո», ինչպես նաև «Գլուխար», «Լայն է գետը», «Գյուղական բժիշկը» հեռուստասերիալներում և այլն:
Մահացել է «Միմինո» ու «Կին-ձա-ձա» ֆիլմերի սցենարիստը