ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik․ Երկարամյա կոնֆլիկտի բերումով անազատության մեջ հայտնված և անհետ կորած քաղաքացիների հարցը շատ կարևոր է։ ՄԱԿ ԳԱ 80–րդ նստաշրջանում խոսելով հայ–ադրբեջանական հարաբերությունների մասին` իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Չափազանց կարևոր է գտնվելու վայրը անհայտ անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարամյա կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց հարցի հասցեագրումը, որը մեր ամենօրյա աշխատանքային օրակարգի մաս է»,–հայտարարեց ՀՀ վարչապետը։
Նա շեշտեց, որ ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատված և այդ հարցում կարևորեց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դերը։
«Խաղաղությունն արձակուրդ չէ, այլ ամենօրյա աշխատանք է, խաղաղությունն ամենօրյա խնամք է պահանջում` նորածնի նման, որ իրեն պաշտպանեն վարակից, ցրտից, շոգից, անտարբերությունից ու հոռետեսությունից»,– ավելացրեց նա։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Հայաստանում և Արցախում ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք հայտարարվեց։ Պատերազմը շարունակվեց 44 օր։ Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
2022թ․ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի հետևանքով զոհվել է 3825 անձ, անհետ կորած է համարվում 187 զինծառայող և 21 քաղաքացիական անձ։ 2025թ․ մարտին Քննչական կոմիտեն, ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցման, հայտնել էր, որ 44-օրյա պատերազմում զոհվել է 3941 անձ, իսկ 191-ը համարվում է անհետ կորած։