ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Որպեսզի հնարավոր լինի ՀՀ գործող իշխանությանը թույլ չտալ սեփական օրակարգը ժողովրդի վզին փաթաթել, ընդդիմությունը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի, ձևավորի իր օրակարգը և թելադրի խաղի իր կանոնները։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի խորհրդարանական լսումներին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Տիգրան Աբրահամյանը
© Sputnik
Աբրահամյանը հայտարարեց, որ ՀՀ–ում բոլոր ուղղություններով համապարփակ ձախողումը պատահական չէ. այն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության, որոշումների, անձնական վարքագծի ուղղակի արդյունքն է։
«Նրա հանցավոր արարքները հանգեցրին Արցախի կորստին, նրա անփույթ դիվանագիտությունն անտեսում է մեր ռազմագերիների առկայությունը, նրա ավտորիտար հակումները բերեցին իր այլախոհների բանտարկությանը, նրա վարչախումբը խթանեց կոռուպցիայի նոր մակարդակ։ Հետևաբար, մենք հայտարարում ենք, որ Նիկոլ Փաշինյանն անդառնալիորեն կորցրել է կառավարելու լեգիտիմությունը, նրա շարունակական պաշտոնավորումը գոյության սպառնալիք է ՀՀ–ի համար։ Այս ձախողումների ազդեցությունը վտանգում է հայկական պետականության ապագան»,– հայտարարեց պատգամավորը։
«Պատիվ ունեմ»–ի անունից Աբրահամյանը հայտարարեց, որ այս արտակարգ իրավիճակի միակ սահմանադրական լուծումը ԱԺ կողմից վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է, և այս ընթացքում բազմաթիվ քաղաքական գործիչների կամ ուղղակի քաղաքացիների հետ հանդիպումները դա են վկայում։
Նա վստահեցրեց, որ ընդհանուր առմամբ ընդդիմադիր դաշտում ունեն ձևավորված կոնսենսուս, և ընդդիմադիր շրջանակում մոտեցումները ներդաշնակ են, կա հստակ փոխհամաձայնություն, որ պետք է առարկայական քայլեր ձեռնարկել գործող իշխանությանը և ղեկավարին կոնֆորտ զոնայից դուրս բերելու և իրականության հետ առերեսվելու համար։
«Եկեք մի կողմ դնենք մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները, քաղաքական շահերը և մանրամասն քննարկենք ու կարծիքների առավելությամբ հասնենք մեծ կոնսենսուս ապահովող և փոխըմբռնելի գործիքների շուրջ փոխհամաձայնության»,– ընդգծեց Աբրահամյանը։
Ի դեպ, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը նաև հայտարարեց, որ խորհրդարանական լսումներին մասնակցելու համար գրանցվել էր 300 մարդ, սակայն միայն 160–ին են թույլ տվել ներկա գտնել, ինքը նա անթույլատրելի ու աննախադեպ համարեց ԱԺ պատմության մեջ։
Տիգրան Աբրահամյանը
© Sputnik
Նշենք, որ ԱԺ դիմաց այս պահին բողոքի ակցիա է` ի պաշտպանություն իմպիչմենտի գործընթացի։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
Ընդդիմություն
© Sputnik
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց առաջարկին` հայտարարելով, որ դեռ չունեն վարչապետի թեկնածու, և որ իրենց պատրաստակամությունն են հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։
Հունիսի 7–ին «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարեց, որ որոշել է անվստահություն հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և վարչապետի թեկնածու առաջադրել Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին։