ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik. Հայ ազգային կոնգրեսը դաշինք չի կազմի ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի քաղաքական ուժերի հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին» հայտարարության նախագծի շուրջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
«Ավելորդ դատարկ խոսակցություններից զերծ մնալու համար, ինչպես նաև հերքելու համար տարբեր բամբասանքներ ու ասեկոսեներ` միանգամից ուզում եմ հայտարարել, որ ՀԱԿ–ը չի պատրաստվում դաշինք կամ միասնական քաղաքական շարժում սկսել ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժերի հետ»,– ընդգծեց նա։
Այնուհետև անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ սկսված իմպիչմենտի գործըթնացին` նա նշեց, որ Փաշինյանի կառավարման 7 տարիները նշանավորվել են հայ ժողովրդի համար աղետալի հետևանքներով։
«Նրա գլխավոր ձախողումները ներքին կառավարման բնագավառում չեն, նրա գլխավոր հանցանքն այն է, որ նա կործանեց հայ ժողովրդի անվտանգության համակարգը։ Մենք Ադրբեջանի հետ այս 7 տարվա ընթացքում ունեցել ենք 10 ռազմական բախում և կորցրել ևս մեկ հայոց աշխարհ` Արցախը, որը կրկնեց Վանի, Բիթլիսի, Էրզրումի, Կարսի ճակատագիրը։ Հիմա էլ վտանգը կախված է Սյունիքի վրա»,– հայտարարեց Զուրաբյանը։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի գաղնիք ունի ժողովրդից, դա ԵԱՀԿ ՄԽ–ի կողմից 2019 թ. ապրիլին, ապա հունիսին ներկայացված խաղաղության պլանն էր, ու եթե այն իրագործվեր, ապա մենք Ադրբեջանին ընդամենը պետք է հանձնեինք 5 շրջան և կլիներ լիակատար խաղաղություն` խաղաղարար զորքերի տեղակայմամբ։
Մինչդեռ ըստ Զուրաբյանի` Փաշինյանն ինքնախոստովանություն է արել այս տարվա օգոստոսի 23–ին` նշելով, որ գիտակցաբար է մերժել ԵԱՀԿ ՄԽ այդ պլանը, որպեսզի իրագործվի մի ռազմավարություն, որի շնորհիվ կհաստատվի հաշտություն Ադրբեջանի և երկխոսություն Թուրքիայի հետ։
«Արդյոք այդ խաղաղությունը հաստատվեց։ Սա փաշինյանական «հանճարեղ դիվանագիտության» մի գյուտ է` ամեն ինչ տալ, ոչինչ չստանալ։ Պատերազմի հրահրումը Նիկոլի վրա է։ Փաշինյանը դարձել է Ադրբեջանի գործիքը և փորձում է Հայաստանը դարձնել նրա վասալային պետությունը, նրա ճնշման տակ փոխել Սահմանադրությունը` կտրելով մեր պետության կապը Անկախության հռչակագրի հետ, ուզում է վերացնել մեր խորհրդանիշները` խոսելով 4–րդ հանրապետության մասին։ Այս փաթեթավորման տակ նա ընդամենը ցանկանում է մեր վզին փաթաթել ադրբեջանահպատակ պետության մոդելը»,– վստահեցրեց ՀԱԿ փոխնախագահը։
Զուրաբյանը գիտի, թե ինչու մինչև հիմա` ի հեճուկս բազմաթիվ շարժումների և ակցիաների, չի ստացվում իշխանությունից հեռացնել Փաշինյանին։
«Ինձ համար այդ հարցի պատասխանը պարզից էլ պարզ է` մեր ժողվուրդը չի ցանկանում «շնից փախնել, գելի բերանն ընկնել». մինչև նա իր առջև չտեսնի լուրջ առաջնորդություն, ժողվորդական շարժում, որի լիդերներին նա վստահում է, որոնք ունեն Հայաստանի վերափոխման լրջագույն ծրագիր, ժողվուրդը ոտքի չի կանգնի Փաշինյանի դեմ»,– ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ ԱԺ ընտրությունները կկայանան 2026թ–ի հունիսի 7–ին։