ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի մասին վերջին կտրուկ արտահայտություններից հետո հայտարարել է, որ այլևս մտադիր չէ օգտագործել «թղթե վագր» արտահայտությունը:
Թրամփն իրեն պատկանող «Truth Social» սոցցանցում ավելի վաղ գրել էր, թե կարծում է, որ Ռուսաստանն Ուկրաինայում «աննպատակ» պայքար է տանում, իսկ ՌԴ-ին բնութագրել էր, որպես «թղթե վագր»:
«Ես այլևս երբեք ոչ մեկին «թղթե վագր» չեմ անվանի», – խոստացել է Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ:
Ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ Ռուսաստանի համար եկել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու ժամանակը:
«Կարծում եմ (ՌԴ-ի համար – խմբ.)` եկել է կանգ առնելու ժամանակը», - ասել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի կարծիքով՝ Էրդողանը կարող է զգալի ազդեցություն ունենալ Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման վրա։
«Կարծում եմ՝ նա (Էրդողանը - խմբ.) կարող է մեծ ազդեցություն ունենալ, եթե ցանկանա։ Հենց հիմա։ Նա շատ չեզոք է», - ասել է Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի հակամարտության հարցում Անկարայի դիրքորոշման մասին հարցին։