ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի - Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան պետք է դադարեցնի ռուսական նավթի գնումները:
«Մենք Թուրքիայի հետ հրաշալի հարաբերություններ ունենք։ Բայց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության համատեքստում կցանկանայինք, որ Թուրքիան դադարեր նավթ գնել ՌԴ-ից»,-ասել է քաղաքական գործիչը։
Փոխարենը Վաշինգտոնը պատրաստ է աջակցել թուրքական շահերին Սիրիայում և կրկին վերադառնալ Թուրքիային Patriot համակարգեր, ինչպես նաև F-35 և F-16 կործանիչներ մատակարարելու թեմային։
Թրամփը նաև նշել է, որ Էրդողանի, ինչպես Սաուդյան Արաբիայի թագավորի և Կատարի էմիրի խնդրանքով հանել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ երկրին շունչ քաշելու հնարավորություն տալու համար:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ հույս ունի նրա հետ միասին հաղթահարել «տարածաշրջանի դժվարությունները` չհստակեցնելով՝ խոսքն ուկրաինական ճգնաժամի՞, թե՞ Մերձավոր Արևելքում իրավիճակի մասին է:
Թրամփն այս անգամ էլ նշել է, որ հիասթափված է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինից։
Սեպտեմբերին Թրամփն արդեն հայտարարել էր, որ պարտավորություն է զգում օգնել դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում և միաժամանակ հիասթափություն է ապրում, որ այն մինչ օրս շարունակվում է: Նրա խոսքով՝ Պուտինի հետ լավ անձնական շփումները որևէ ազդեցություն չեն ունեցել ուկրաինական հակամարտության կարգավորման ընթացքի վրա:
Ավելի վաղ, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, Դոնալդ Թրամփը քննադատել էր այն երկրներին, որոնք շարունակում են ռուսական նավթ և գազ գնել՝ դրանով իսկ ներդրումներ կատարելով պատերազմի շարունակման մեջ: